Վերլուծական

ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալի հանգուցալուծումը

Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ում հասունացած կոռուպցիոն սկանդալը հանգուցալուծում է ստանում: Որպես սկիզբ ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը վճռել է պատժել առայժմ 4 պատգամավորի:

Հայաստանյան պատվիրակության անդամները պնդում են, որ եվրոպացի կաշառակերների ցուցակն, իրականում, շատ ավելի մեծ է, նրանք ներքաշված են եղել «Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած կոռուպցիոն համակարգի մեջ:

«Ռադիոլուր»-ն այսօր փորձել է հասկանալ՝ ինչի դիմաց ինչ են արել բացահայտումներում ներգրավված անձինք եւ ինչ ակնկալիքներ նոր զարգացումներից ունի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը:

Եվրոպացի երեք պաշտոնաթող դատավորներ մեկ տարի ուսումնասիրել են, թե ինչ է կատարվում ԵԽԽՎ-ում եւ ինչ հիմքեր ունեն կոռուպցիոն մեղադրանքները: 3 շաբաթ առաջ հրապարակվել է ավելի քան 200 էջից բաղկացած զեկույցը, որտեղ շրջանառվում են բազմաթիվ անուններ եւ կոռուպցիայի տարբեր ձեւեր:

Առավել մեծ տարածում են ունեցել հատկապես նվերները՝ սեւ խավիարից մինչեւ թանկարժեք գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգեւներ, անգամ՝ թեթեւաբարո աղջիկներ ճոխ հյուրանոցներում կամ բիզնեսների ֆինանսավորում: Հայաստանյան պատվիրակության անդամները մշտապես բարձրաձայնել են այս խնդիրների մասին:

Նմանատիպ ահազանգերից մեկի ժամանակ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացած Պեդրո Ագրամունտը անգամ փորձում էր անջատել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսափողը:

Առայժմ պատժվել է 4 պատգամավոր: Նրանց մեջ են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը եւ ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը: Առաջինի պատժի ժամկետը 2 տարի է, երկրորդինը՝ 10:

Կոռուպցիայի մեջ մեղադրվող պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ-ում ունեցած գրեթե բոլոր իրավունքները: ԵԽԽՎ-ում Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Պիետեր Օմցիգը ընդունում է՝ կոռուպցիոն սկանդալը հիմնականում կապված է Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վճարել Վեհաժողովի անդամին եւ դա կապված է եղել այստեղ՝ Վեհաժողովում քվեարկության հետ»:

Նույնը հաստատում է նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Պետրա դե Սատտերը:

«Զեկույցում կան անուններ, խոսքը հիմնականում Ադրբեջանի մասին է: Մենք այժմ ամփոփելու ենք այս աշխատանքը եւ տալու ենք քաղաքական գնահատական»:

Ներկայացված զեկույցով, կարծես թե, հաստատվում է, որ Ալիեւի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար:

Հենց այս ամենն էր պատճառը, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ առաջին զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում: Կառույցում աշխատող հայաստանյան պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսօր հաստատեց՝ տեղեկություն ունի, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո համապատասխան հանձնաժողովը կրկին անդրադառնալու է Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների թեմային:

Խնդիրը արդիական է առավել քան երբեւէ, իր հերթին կարծում է ԵԽԽՎ անդամ, գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն:

«Ադրբեջանում իրավիճակը ավելի է վատանում եւ չկա որեւէ նախանշան, որ այդ երկրի իշխանությունը ցանկանում է որեւէ բան փոխել: Այս զեկույցները դա հաստատեցին»:

Բացի պատժվածներից զեկույցում նաեւ գրված են այլ պատգամավորների անուններ։ Պաշտոնական Բաքուն այս մեղադրանքներին հստակ չի պատասխանել: Փոխարենը հայտարարում է, թե հայամետ ուժերն Ադրբեջանի դեմ հերթական արշավն են իրականացնում:

Back to top button