Քաղաքական

Փորձագետները՝ կառավարության անելիքների ու հասարակության սպասելիքների մասին

Ձեւավորված նոր կառավարության, հասարակության մոտ առկա սպասելիքների, ներքաղաքական անցուդարձերի եւ հետագա հնարավոր զարգացումների մասին մամուլի տարբեր ակումբներում լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել են Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը:

Նոր կառավարության համար առաջին շաբաթը չափազանց կարեւոր էր: Այս հարցում փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի եւ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանի տեսակետները համահունչ էին: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս ընթացքում տեղի ունեցավ, այսպես ասած, արտաքին քաղաքական քննությունը եւ այն հանձնվեց բավականին հաջող: Խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում ունեցած հանդիպումների մասին է:

«Ձեւավորվեց դրական մթնոլորտ, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանում այս բարեփոխումներն անխափան անցկացնելու համար: Այս մթնոլորտը երաշխավորում է գոնե, որ հենց այդ ամենն այդպես էլ կշարունակվի, ինչը, ես կարծում եմ, շատ ու շատ կարեւոր է եւ կարելի է այստեղ գրանցել նոր կառավարության ակտիվում»:

Կառավարության լավ կամ վատ աշխատանքի մասին էլ ընդունված է խոսել 100 օր հետո: Այս հարցում նույնպես Ռուբեն Մոհրաբյանի եւ Խոսրով Հարությունյանի տեսակետները համահունչ էին: Առկա խնդիրներն էլ, որ կան մի հարվածով լուծվող խնդիրներ չեն՝ ասաց Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով հասարակության սպասելիքներին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ նա, բնականաբար, շատ անհամբեր է, որովհետեւ, փորձագետի խոսքով, 20 տարի, մեծ հաշվով՝ որակական առումով, երկիրը դոփել է տեղում եւ մարդիկ ուզում են բոլոր հարցերը լուծվեն միանգամից, ուստի՝ փողոց փակելու գայթակղությունը կա:

Նրա գնահատմամբ՝ ինքնաբուխ, ինքնագործ այդ ակցիաները, գիտակցված կամ չգիտակցված, ուղղված են կառավարության դեմ: Հետեւապես, Ռուբեն Մեհրաբյանի ձեւակերպմամբ, օպերատիվ կառավարման օղակները պետք է բավականին արագ արձագանքեն եւ լուծումներ տան այդ լոկալ-ճգնաժամային իրավիճակներին: Փորձագետը միաժամանակ կարծիք հայտնեց, որ կառավարությունը չի կարող բնականոն ձեւով աշխատել, եթե մի շարք օղակներում նախկին իշխանությունների նշանակած ղեկավարներն են:

Լուծումները փորձագետը տեսնում է իրավաքաղաքական հարթությունում: Նրա խոսքով՝ օր առաջ պետք է անցկացվեն նաեւ արտահերթ ընտրություններ: Կարծում է, որ մեծամասնական ընդդիմություն չի կարող լինել, քանի որ արտահերթ ընտրությունների սցենարը Խոսրով Հարությունյանը չբացառեց:

Անդրադառնալով, սակայն, արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը, նա նախ նկատեց, որ այս պահի դրությամբ իրականում «Ելք» խմբակցության քաղաքական ազդեցությունը անհամեմատական է այն ներկայացվածությանը, որը նա ունի:

Երբ խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, ապա դրան պետք է անդրադառնալ այն ժամանակ, երբ որ հարաբերակցությունը քիչ, թե շատ կայուն է՝ եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Back to top button