Քաղաքական

Ովքեր են ԱԺ 6 նոր պատգամավորները

Իշխանափոխության եւ կառավարության կազմի փոփոխությանը զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ խորհրդարանում: Հաջորդ շաբաթ մեկնարկելու է ԱԺ լիագումար հերթական նստաշրջանը:

Այսօր արդեն 6 նոր պատգամավոր մանդատ է ստացել եւ գործուղվել օրենսդիր մարմին: Փոփոխությունները, սակայն, սրանով դեռ չեն ավարտվում:

Թեեւ նախապես հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին, բայց ակնհայտ է, որ այդ օղակում փոփոխությունները կշարունակվեն մինչեւ վերջին պահը:

ԱԺ շենքի առաջին հարկի աջ հատվածում եմ: Պատգամավորների փոփոխության առումով հենց այստեղ են սպասվում ամենամեծ փոփոխությունները: Խորհրդարանի շենքում այս տարածքն է հատկացված  «Ելք» խմբակցության պատգամավորներին: Ըստ էության՝ 4 աշխատասենյակ այստեղ արդեն դատարկ է, քանի որ իշխանափոխությունից հետո այստեղից են գործադիր մարմին տեղափոխվել վարչապետը, առաջին փոխվարչապետը եւ երկու նախարարները:

ԿԸՀ-ն այսօր միանգամից 6 նոր պատգամավորական մանդատ փոխանցելու որոշում կայացրեց: 4 նոր պատգամավոր գալիս է «Ելք» խմբակցությունից եւ մեկական պատգամավորներ Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցություններ:

ԿԸՀ- ի այս կնիքով հաստատված արձանագրությունները նոր պատգամավորների մասով այսօր արդեն ուղարկվեցին ԱԺ ղեկավարությանը: ԿԸՀ կնիքը դեռեւս հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանի ձեռքում է: Իշխանափոխությունից հետո նա շարունակում է աշխատել այնպես, ինչպես նախկինում: Հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի, դեռեւս չի պատրաստվում նաեւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների:

Քանի դեռ խորհրդարանը շարունակելու է աշխատանքը նույն հունով՝ այնտեղ գործուղվում են նաեւ նոր պատգամավորները: «Ելք» խմբակցությունը համալրող 4 պատգամավորներից 3-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, մեկը՝ «Լուսավոր Հայաստանից»: Նոր պատգամավորներն են՝ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը եւ Հովիկ Աղազարյանը:

Առաջին երեքը՝ նոր սերնդի քաղաքական գործիչներն են, իսկ Հովիկ Աղազարյանն արդեն հասցրել է լինել ԱԺ պատգամավոր դաշնակցության ցուցակով: 1998-ին հեռացվել է դաշնակցության շարքերից եւ  2015-ին անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Խորհրդարանական մյուս խմբակցություններում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորված են հրաժարականներով, որոնց պատճառը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն էր:

Այդ պատճառաբանությամբ մանդատից հրաժարվեցին դաշնակցական Աղվան Վարդանյանը եւ Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը: Այս երկու պատգամավորի փոխարեն խորհրդարան են մուտք գործում արդեն պատգամավորական աշխատանքի փորձ ունեցող դաշնակցական Ռուզան Առաքելյանը եւ հանրապետական Հակոբ Հակոբյանը:

Վերջինը հայտնի է իբրեւ «Երեւանի գարեջրի» գործարանի նախկին ղեկավար եւ սեփականատեր: Անփոփոխ կազմով խորհրդարանում մնաց թերեւս «Ծառուկյան» խմբակցությունը: Քվեարկության ժամանակ պաշտպանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց որոշում կայացրեցին կուսակցության քաղաքական մասով մնալ խորհրդարանում:

«Ծառուկյան» դաշինքի անունից Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեցին խմբակցության հետ կապ չունեցող մարդիկ: Ասել է, թե քաղաքական պատասխանատվություն կառավարության համար այս ուժը փաստացի չստանձնեց:

Մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այս խորհրդարանում դեռ կարող են լինել նոր փոփոխություններ: Շրջանառության մեջ են օրինակ պատգամավոր Սասուն Միքայելյանին Կոտայքի մարզպետ, Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազ, Արամ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ նշանակվելու մասին լուրերը։

Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ով է խորհրդարանում գլխավորելու «Ելք» խմբակցությունը: Այնտեղից ասում են, որ հարցը դեռ չեն քննարկել: Հաջորդ շաբաթ արդեն գումարվելու է ԱԺ լիագումար նիստը, որին «Ելք» խմբակցությունը պետք է պատրաստ լինի ողջ կազմով:

Back to top button