Հասարակություն

Ինչպես է լուծվելու քաղբանտարկյալների խնդիրը

Հանձնառություններից մեկը, որ ստանձնել  է Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվելով, քաղբանտարյալների խնդրի լուծումն  է:

Հայաստանը պետք է ձերբազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից՝ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է թե հանրահավաքների ժամանակ, թե Ազգային ժողովում վարչապետ ընտրվելիս և թե վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: 

Երեկ իր տեսաուղերձը Փաշինյանը նվիրել էր հենց այս բարդ ու իր ձևակերպմամբ իրավական նրբություններ ունեցող խնդրին: Փաշինյանը վստահեցնում է ՝ խնդիրը իրավական լուծումներ է ստանալու, քննարկման թեման այն է, թե որոնք են արդյունավետ ճանապարհները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  երեկ  ուղիղ եթերում  խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին,  մի նքանի կարևոր հստակեցումներ արեց: Նշեց, որ քաղբանտարկյալների խնդիրը  շարունակում է  նոր կառավարության հանձնառություններից մեկը մնալ, ընդգծեց, որ  լուծումները փնտրվում են բացառապես  իրավական դաշտում:

«Շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ «ժողովուրդ ջան, դուրս եկեք», ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա օրինական ճանապարհ չէ, և մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով»:

Երրորդ կարևոր ընդգծում ն էլ այն դիտարկումն էր, որ  քաղբանտարկյալների հարցում 2 տարբեր դեպքեր կան:  Առաջին խմբում  քաղաքականության հետ առնչություն ուրնեցող այն գործերն են, ոնոցով զեհեր չկան: Սրանք, Փաշինյանի ձևակերպմամբ, «հեշտ և պարզ» գործեր են , որոնցով դատապարտված անձինք կարող են ազատ արձակվել  օրենքով նախատեսված գործինքերի կիրառմամբ՝ պայմանական վաղաժամկետ ազատում , համաներում կամ ներման ինստիտուտի կիրառում: Այլ հարթությունում է «Սասնա ծռերի» գործը:

««Սասնա ծռեր»-ի գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ «Սասնա ծռեր»-ի գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար, և ես կարծում եմ, որ այդ գործի լուծման, հանգուցալուծման եղանակների և մեխանիզմների վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով: Մենք պետք է նաև, ինձ համար սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, անպայման այդ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին հրավիրենք և զրուցենք, նրանց հետ նույնպես քննարկում ունենք, նրանց տեսակետները լսենք, հասկանանք գործում ինչ կա, ինչն է, որ հիմնավոր ապացույց է, ինչն է, որ հիմնավոր ապացույց չէ, ինչն է, որ, այսպես ասած, սարքած է, ինչը սարքած չէ: Այսինքն, մենք պետք է էս ամբողջական ինֆորմացիան հավաքենք, ի մի բերենք և հասկանանք, թե ոնց ենք լուծում թնջուկը՝ ինչ ճանապարհներով, ինչ մեթոդներով, ինչ ծավալներով»:

Ի դեպ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է  հայտարարել որ պատրաստվում է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբանների հետ։ Նա նաև Գարեգին Չուգասզյանին խնդրում է դադարեցնել հացադուլը։ Հիմնադիր խորհրդարանի նախագահն արդեն   23 օր հացադուլի մեջ է:   Նրա պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի դիտարկումներից մի քանի ժամ առաջ  քաղբանտարկյալների թեմային  անդրադարձել էր նաև գլխավոր դատախազը:  նա շարունակում է մնալ այն կարծիքին, որ Հյաստանում քաղբանտարկյալներ չկան, բայց նաև ասում է, որ քաղաքական լուրջ իրադարձությունները, իսկ դրանք Արթուր Դավթյանը պատմական է որակում,  նաև հանրային որոշակի պահանջներ են առաջացնում որոնք պետք է իրավական լուծումներ ստանան:

Իսկ ինչպես են խնդիրը դիտարկում մասնագետները: Փաստաբան Հայկ Ալումյանըվերապահում չունի, երբ վարչապետը  խոսում է ներման կամ համաներման մասին,  ասում է ՝ դրանք իր իրավասությունների շրջանակում գտնվող հարցեր են, բայց երբ որպես ճանապարհ նշում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը, փաստաբանը մտոհոգիչ կետեր է տեսնում:

Հայկ Ալումյանը նկատում է, որ Հայաստանի նորանկախ պատմությունը մի նախադեպ արդեն ունի՝ քաղաքական իրավիճակի փոփոխության հիմնավորումով ժամանակին ազատ են արձակվել Դրոյի գործով մեղադրվողները: Սա նա վատ նախադեպ է համարում, ասում է լավ նպատակով ճնշումը վատ պրակտիկայի առիթ դարձավ:

Back to top button