Հասարակություն

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։

Արցախի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Back to top button