Տնտեսական

Ինչ հարցերի կպատասխանի նոր կառավարության ծրագիրը


«Արտահերթ ընտրությունները կարևոր են դառնում, և որքան շուտ, այնքան լավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նա այսօր նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից է խոսել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում ընդգծել է՝ նոր կառավարության ծրագիրը  մի շարք հարցերի պատասխաններ կտա:

Կոռուպցիայի դեմ պայքար՝ բիզնեսի ու քաղաքականության տարանջատում: Հայաստանի բոլոր կառավարությունների ղեկավարների առաջին խոստումը սա է: Նիկոլ Փաշինյանն էլ բացառություն չէ,  բացառությունը նրա իշխանության ղեկին հայտնվելն է:

«Ժողովուրդը պայքարեց իշխանության համար, կպայքարի նաև  կոռուպցիայի դեմ»,- համզոված է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նաև ընդգծում է՝ ոչ թե անձերի, այլ գաղափարների  փոփոխություն է տեղի ունեցել:

ՀՀԿ-ն նույնպես հայտարարում էր, որ պայքարում է  կոռուպցիայի դեմ, սակայն, համագործակցում էր նաև Ծառուկյան դաշինքի հետ, որի ղեկավարը գործարար Գագիկ Ծառուկյանն է: Արդյո՞ ք, այս կառավարությանն  էլ նույն վտանգը  չի սպառնում:

«Լինենք օպտիմիստ եւ հուսանք, որ այդ տարբերակները չեն լինի»:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չնայած կոալիցիոն չէ, այլ՝ համաձայնության, այդուհանդերձ ԲՀԿ-ն այս կառավարությունում ունի նախարարարակն 4 պորտֆել: Արդյոք, այս ներկայությունը չի խանգարի  կառավարությանը՝ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու հարցում:

«Ինչպիսի վարք կունենա առաջին դեմքը, այնպիսի պայքար էլ կմղվի»,- ասում է  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Այս կառավարությունում նախարարական երկու պորտֆել նաև ՀՅԴ-ն ունի՝ գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Վերջինիս ղեկավարը Արծվիկ Մինասյանն է, ով  արդեն երկրորդ անգամ է  այս աթոռը զբաղեցնում: Արդյոք, միայն անձը բավարար է, որպեսզի խաղի նոր կանոններով զարգանա տնտեսությունը:

«Հայաստանում, ըստ էության, տնտեսական խնդիրների լուծումը անձերից կախված չէ, որովհետեւ քաղաքական որոշման կարիք կա»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Մինչև հունիսի մեկը կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն հենց այդ փուլում:

Ցուցադրել ավելի
Back to top button