Հասարակություն

«Վերջին զանգի» գումարները կվերադարձվեն


Մայիսի 26-ին հայաստանյան կրթօջախներում կհնչի վերջին զանգը: Արդեն ամիսներ առաջ այս միջոցառման համար երևանյան դպրոցներում ահազանգում են դրամահավաքության դեպքերի վերաբերյալ:

Շատ ծնողներ ահազանգում են, որ ամիսներ առաջ արդեն սկսել են «Վերջին զանգի» միջոցառման համար գումարներ հավաքելը: Թեև չեն ցանկանում բարձրաձայնել խնդիրը, սակայն միաժամանակ նշում են՝ այն օրակարգային է։ Կրթության փորձագետն Անահիտ Բախշյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բարձրացրեց հարցն ու մատնանշեց, թե որ դպրոցներից են եղել ահազանգերը:


«Այո՛, Շիրվաանզադեի անվան դպրոցից, թիվ 122 դպրոցից  կան ահազանգեր»:  

Քանի դեռ պետական պաշտոնյաները հստակ չեն ասում, թե ինչ է դրամահավաքը, երևույթն ամեն տարի էլ կրկնվելու է, շեշտում է կրթության փորձագետը: Անահիտ Բախշյանի ահազանգն այն դրամահավաքի մասին է, որը  որպես, այսպես ասենք, նվեր տրվում է ուսուցիչներին ու տնօրենին:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետը  հանձնարարել էր արգելել դպրոցներում ցանկացած դրամահավաք:

«Վերջին զանգի» արարողությունների հետ կապված ևս քաղաքապետն արգելել էր ցանկացած դրամահավաք։ Վարչության ղեկավարը վստահեցնում է, որ  հիմնական  դպրոցները վերահսկվում են: Գրանցված ահազանգերին էլ իրենց վարչությունն արձագանքել է միանգամից:

«Պետք է փաստեմ նաև, որ արդեն այս օրերի ընթացքում մի քանի  այդպիսի ահազանգ եղել է և մեր աշխատակիցները այցելելով դպրոցներ փաստել են անգամ, որ դա իրականությանը չի համապատասխանում: Եղել է, որ, այո, նախաձեռնություն է եղել  ծնողների կողմից, հորդորել ենք վերադարձնել գումարները և անել ամեն ինչ առանց ավելորդ ծախսերի»:

Ավագ դպրոցներում  դրամահավաքության ահազանգերի վերաբերյալ կրթության և գիտության նախարարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ պաշտոնը ստանձնելը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պահանջում է դպրոցներում դադարեցնել ավարտական քննությունների և «Վերջին զանգի» հետ կապված դրամահավաքները, հորդորել էր գումարները վերադարձնել ծնողներին:

Back to top button