Վերլուծական

Փաշինյան-Պուտին հանդիպուման արդյունքները՝ ըստ հայ և ռուս փորձագետների


4 ու կես րոպե տեսախցիկների առաջ, մնացած զրույցները՝ չլուսաբանված: Այսօր շատերն են փորձում հասկանալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին ուղղված նախկին քննադատությունների ֆոնին ՌԴ կատարած նրա առաջին այցի արդյունքները:

Ինչ մեսիջներ հնչեցին եւ ինչպես դրանք պետք է հասկանալ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջին տպավորությունները՝ «Ռադիոլուր»-ը փորձել է այսօր այս հարցերը պարզել թե հայկական, թե ռուսական վերլուծական շրջանակներից:

Թեեւ Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպման մի հատվածն անցավ հեռուստախցիկների առջեւ եւ կարելի է ասել «օն-լայն» ռեժիմով, բայց իրականում այդ հանդիպումը թափանցիկ չէր եւ դեռեւս շատ հարցեր չբացահայտող: Հնչեցին գեղեցիկ խոսքեր եւ հավաստիացումներ, բայց որքանո՞վ դրանք կարող են իրականություն դառնալ. այս պահին շատ վերլուծաբաններ զգուշավոր են:

Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ղեկավարությունն իր աշխատակիցներին այս փուլում հրահանգել է՝ առժամանակ ձեռնպահ մնալ հարցը վերլուծելուց:

Սա «Ռադիոլուր»-ին փոխանցեց ինստիտուտի առաջատար փորձագետ Աժդար Կուրտովը: Բայց սա ռուսաստանյան վերլուծական շրջանակների ընդամենը մի հատվածի կեցվածքն է:

Մյուս հատվածը, ի դեմս Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովի, կարծում են, որ Պուտինը Փաշինյանի հետ շփումներում զուսպ էր՝ ինչն ունի իր պատճառը:

«Իհարկե, դեռ կողքից ուսումնասիրում է: Հասկանո՞ւմ եք, փողոցից մարդը եկել է, շփվում է նախագահ Պուտինի հետ: Պուտինը նայում է նրա վրա եւ դեռ չի կարողանում հասկանալ, թե ում հետ գործ ունի: Պարզունակ բառեր է ասում Պուտինը, որ պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, իսկ Փաշինյանը շատ ուղիղ ասում է՝ այո, մենք պատրաստ ենք, բայց հարցեր ունենք: Պուտինն իհարկե զգուշավոր է, սպասում է: Փաշինյանը նոր է ձեւավորել իր կառավարությունը, եւ ամեն ինչ կախված է այդ կառավարության առաջին քայլերից ու գործերից: Իհարկե, եթե արվեն ինչ որ նոր քայլեր, որոնք տարբերվեն Սերժ Սարգսյանի աշխատանքից, ապա այո, Փաշինյանը հերոս կդառնա: Իսկ պարզապես այսպես սա կդիտվի որպես ներքաղաքական ճգնաժամ, որը բերեց էլիտայի փոփոխության՝ առանց աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխության»:

Գործնական քայլերի առումով Փաշինյանից առայժմ որեւէ ժամկետային սպասելիքներ ռուսաստանյան վերլուծական շրջանակները չեն նախանշում:

Երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը անարձագանք չէ նաեւ Հայաստանում: Որոշ հարցերում Փաշինյանի անպատրաստվածությունը նկատելի էր՝ ասում է հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

Ահա այս նույնությունը որոշակի հարցեր առաջացնում է: Բայց անգամ սա, ըստ քաղաքական վերլուծաբան Հայկ Բալանյանի, ունի բացատրություն:

Նորընտիր վարչապետի խոսքերը Ռուսաստանում ֆեյսբուքյան որոշ օգտատերեր որակեցին իբրեւ «սիրաշահում»: Այս հարցում, սակայն, իրական ցուցիչները կարող են լինել ոչ թե խոսքերը, այլ՝ նշանակումները կառավարությունում՝ ասում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Ռուսամետ գործիչ կառավարությունում նա դեռ չի տեսել: Կարծում է, սրանով հիմքեր ստեղծվում են Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար: Բայց մեր ռազմավարական գործընկերը դեռ ուշադիր հետեւում է եւ,  Խուրշուդյանի կարծիքով, պատրաստ է հակահարվածի:

Թեեւ Ռուսաստանը կտրուկ քայլերի դեռ չի գնում, բայց օրինակ՝ նախազգուշական մեսիջներ Հայաստանին ուղղում է: Այդպես է ընկալվել Ռուսաստանի որոշումը հայկական լոլիկի եւ վարունգի հետ կապված:

Ռուսաստանյան վերլուծական շրջանակներում, ամեն դեպքում, փորձում են հասկանալ նաեւ հայաստանյան իրադարձություններին Պուտինի արագ արձագանքման պատճառները՝ Փաշինյանին ուղղված շնորհավորանքը, հեռախոսազրույցը եւ 5 օր հետո էլ՝ առանձնազրույցը:

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը կարծում է, որ այդ ամենի հիմքում եղած տեղեկությունն էր: Ալեքսանդրովի կարծիքով՝ Պուտինը մինչ այդ տեղեկություն ունեցել է եւ հասկացել, որ Փաշինյանը սկզբունքորեն ընդունելի է Ռուսաստանի համար որպես Հայաստանի վարչապետ:

Back to top button