Քաղաքական

Գլխավոր դատախազը հրաժարական տալ չի պատրաստվում


Հայաստանի գլխավոր դատախազը մտադիր չէ հրաժարական ներկայացնել: Այսօր խորհրդարանում լրագրողներն են Արթուր Դավթյանին հրաժարականի մասին  հարց ուղղել:

Նա կարծում  է, որ գործադիր իշխանության փոփոխությունը չպետք է ազդի  դատախազության  գործունեության  վրա:

Էդմոն Մարուքյանն էլ վստահեցրել է, թե դատախազի պաշտոնին չի հավակնում և չգիտի, թե ինչու է մամուլը հենց իր անունը շրջանառում:

«Ելք» խմբակցությունում  այս պահին չեն քննարկում ընտրված պաշտոնյաներին փոխելու մեխնաիզմերը, բայց կարծում են, որ խնդիրներ կան: Խոսքն անկախ կառույցների և դրանց ՝ խորհրդարանի կողմից ընտրված ղեկավարների պաշտոնավարման մասին է:  Թեման խորհրդարանում այսօր քննարկվում էր  գլխավոր դատախազի օրինակով: Նրան Ազգային ժողովն այս  պաշտոնում ընտրել է 2016-ի սեպտեմբերին: Այսօր նա խորհրդարանում ներկայացնում էր հաղորդում՝ կառույցի նախորդ տարվա գործունեության մասին: Արթուր Դավթյանին ուղղված հիմնական հարցը,  սակայն, վերաբերում էր ոչ թե հաշվետվությանը, այլ ՝ հրաժարականին:

«Ես այդպիսի հարց չեմ քննարկում, հիմքեր չեմ տեսնում»:

Արթուր Դավթյանը կարծում է, որ դատախազությունը չպետք է կրի  գործադիր իշխանության փոփոխության ազդեցությունը:

«Այո, փոխվել է գործադիր իշխանությունը, բայց եթե այդ փոփոխությունը պետք է բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն իրավական դրույթը, որ ամրագրված  է Սահմանադրության մեջ, ուղղակի միֆ է»:

Եթե հակասություններ առաջանան, գլխավոր դատախազը դրանք կդիտարկի որպես իրավական պետութանը բնորոշ գործընթացներ: Մինչ այդ վստահեցնում է, որ   իր պաշտոնավարման շրջանում կառույցը քաղաքական կախվածություն իշխանություններից  չի ունեցել:

«Ես վստահեցնում եմ, որ որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան որ կաշխատեմ, երբեք չեմ ունենա»:

Գլխավոր դատախազի այս հավաստիացումը վերջին զարգացումների օրինակով կասկածի տակ է դնում Ելք խմբակցության ներկայացուցիչը: Էդմոն Մարուքյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանը ձերբակալվելն ու ազատ արձակվելը:

«Մեր գործընկերները  քաղաքական նպատակներով են ձերբակալվել  և  նրանք քաղաքական նպատակներով էլ ազատ են արձակել: Այսինքն` վարչապետի պաշտոնակատարը ձեզ դիմել է և դուք էլ ազատ եք արձակել: Ո՞վ է ձեզ հրահանգել, որ նշված պրոցեսը սկսեք, որ առանց միջնորդության ազատ արձակեք»:

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրոզյանը ձերբակալվել էին ապրիլի 23-ին և ազատ արձակվել  ձերբակալության 72 ժամը չլրացած:   Մինչ այդ գլխավոր դատախազը  միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավորներին ազատությունից զրկելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Մինչ խորհրդարանում  կմտածեին՝ երբ  հրավիրել  արտահերթ նիստը, փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ դիմել է գլխավոր դատախազին և խնդրել միջնորդությունը  հետ  վերցնել: Հետո արդեն իրադարաձությունները զարգացան բոլորիս հայտնի սցենարով: Քաղաքական բաղադրիչ այս ամենում կա՞ր, թե՞ չկար՝ հարցնում է Էդմոն Մարուքյանը:

«Ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»:

Մի կետում, սակայն, գլխավոր դատախազը քաղաքական գործոնի առկայությունը չի հերքում:

«Ես ներկայացրել էի միջնորդություն և քաղաքական մարմինը պետք է տար քաղաքական գնահատական: Դա մաքուր իրավական գործընթաց չի: Քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի փոխնախագահը դիրքորոշում է հայտնում, որ գտնում է, որ այդ միջնորդությունը չքննարկվի: Դա իմ համար` որպես դատախազի, ի՞նչ է նշանակում: Որ միջնորդությունը մերժվելու է: Էլ իմաստը ո՞րն է, որ այն շարունակեմ»:

Գլխավոր դատախազի, նաև այլ ընտրովի մարմինների  փոփոխության հարց Ելք խմբակցության օրակարգում չկա,  մեխանիզմներ չեն  քննարկվել ՝ վստահեցնում է  Էդմոն Մարուքյանը և հավելում՝  որ որևէ տարբերակ չեն բացառում:

«Մենք մեր օրակարգում չունենք որեւէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարցեր: Բայց հիմա ունենք հարցեր, որոնք ներկայացնում ենք, եւ որոնց պատասխանները չեն գոհացնում որեւէ մեկին»:

Ի դեպ, լրատվամիջոցները վերջին օրերին հենց Էդմոն Մարուքյանի անունն էին շրջանառում՝ որպես գլխավոր դատախազի թեկնածու:  Մարուքյանն այսօր հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ  գլխավոր դատախազի պաշտոնին չի հավակնում ու չգիտի, թե չգիտի, թե ինչու է մամուլը հենց իր անունը շրջանառում:

Ցուցադրել ավելի
Back to top button