Մշակույթ

«Հարսնացուն հյուսիսից». պրեմիերա՝ Մայր թատրոնում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վաղը պրեմիերա է:

Մայր թատրոնի բեմում կրկին «Հարսնացու հյուսիսից» ներկայացումն է, որը ռեժիսորի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի վստահեցմամբ,  հայտի գործի հանդեպ միանգամայն նոր հայացք ու մոտեցում է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրեն Վարդան Մկրտչյանն այսօր խոսել են ոչ միայն առաջիկա պրեմիերայից:

Մայր թատրոնում վաղը պրեմիերա է. «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը հարգանքի տուրք է մեր մեծերին, այն նվիրված է Ժորա Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի ու Վարդան Աճեմյանի հոբելյաններին` ասում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության ռեժիսոր Արմեն Էլբակյանը։

Ինչու այս թոհ ու բոհի մեջ որոշեցին բեմադրել «Հարսնացու հյուսիսից»- ը։  Եթե հետադարձ հայացք չնետենք մեր անցյալին, ներկան էլ չենք հասկանա՝ Էլբակյանի փիլիսոփայությունն է:

Էլբակյանը  խոսեց սիրուց, ցանկացած իրավիճակում ՄԱՐԴ  մնալու անհրաժեշտությունից, իսկ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրեց վերջին նյութական ձեռքբերումները: Մայր թատրոնի՝ նախկինում բանտախուց հիշեցնող տոմսարկղն այսօր այցելուներին դիմավորում է ամբողջովին նորացված, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տեսքով: Գործում է նաև թատրոնի պաշտոնական կայքէջը:

«Կոնվերս» բանկի օժանդակությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում առաջիկայում կկառուցվի «Սև տուփ» կոչվող փորձարարական թատրոնը։ Այստեղ երիտասարդները կարող են իրականություն դարձնել իրենց ամենախելահեղ գաղափարները, տնօրենի բնորոշմամբ, գժությունները, որոնք հավանության արժանանալու դեպքում կտեղափոխվեն նաև մեծ բեմ: Երիտասարդներին ուղղված մեկ այլ նախաձեռնության մասին հայտարարեց տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Հանդիպման ավարտին նաև շնորհակալության խոսք մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանին, շնորհավորանքի խոսք՝ մշակույթի նորանշանակ նախարարին:

Ինչ եք ակնկալում նոր նախարարից հարցին, արվեստագետների արձագանքն էր. «Եթե կօգնեն թատրոնին, շատ ավելի լավ, չեն օգնի, միևնույնն է, մենք մեր գործն ենք անելու»,- Էլբակյանի դիտարկումն էր:

Back to top button