Հասարակություն

Դիարբեքիրից հայը կարող է առաջարել իր թեկնածությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, այս տարվա հունիսի 24-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում կարող է առաջադրվել Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչներից Գաֆուր Թյուրքայի (Օհաննես Օհանյան) թեկնածությունը: Այդ մասին Դիարբեքիրից հաղորդում է Akunq.net-ի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանը:

Կարոտ Սասունյանի փոխանցմամբ` Գաֆուր Թյուրքայի թեկնածությունը կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից: Ինչպես հայտնի է, նախկինում իսլամացված, այնուհետև մկրտված Գաֆուր Թյուրքայը, որի հայկական անունը Օհաննես Օհանյան է, տեղի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից է, ինչպես նաև` Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը եղող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավար խորհրդի անդամներից: Թուրքայը հաճախ է այցելել Հայաստան, նաև հայրենիք առաջնորդել Սյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցած դիարբեքիրցի հայերին:

Ինչպես նշում է Կարոտ Սասունյանը, այս առաջադրման հավանականությունը մեծ ոգևորություն է առաջացրել Դիարբեքիրի հայ համայնքում: Նրա փոխանցմամբ` ժողովուրդների դեմոկրատական կուսակցության իրավասուների ժողովում ընդգծվել է, որ հայերը փոքրամասնություն են համարվում սեփական մայր հայրենիքում, և որ կուսակցությունն անպայման դրական մոտեցում կցուցաբերի ազգությամբ հայ քաղաքացիների թեկնածությունը, և որ դա ոչ թե շնորհ կլինի` արված տեղի հայերին, այլ ուղղակի կվերականգնվի նրանց իրավունքը:

Այսօրվա դրությամբ արդեն իսկ սկսվել է ներկայացված հավանական թեկնածուների ցանկի ուսումնսիրությունը, իսկ վերջնական ցանկը Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդին (Yüksek Seçim Kurulu / YSK) կներկայացվի մայիսի 21-ին: Akunq.net-ի թղթակիցը նաև հայտնում է, որ Դիարբեքիրի պատգամավորների թեկնածուները մայիսի 24-ին կայցելեն Դիարբեքիր, որտեղ հատուկ ընդունելություն կկազմակերպվի նրանց պատվին:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Ցուցադրել ավելի
Back to top button