Հասարակություն

Ազգային փոքրամասնությունների սպասումները նոր իշխանություններից

Համաժողովրդական շարժման ու դրա արդյունքում իշխանության եկած Հայաստանի նոր իշխանություններից մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունները մեծ ակնկալիքներ ունեն:

Համընդհանուր սոցիալականից մինչև լեզվի, ազգային մշակույթի պահպանման խնդիրների լուծում: Ահա թե ինչ են ակնկալում եզդի, ասորի, հրեա ու մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչները։

 

 

«Հանրության շրջանում կա թյուր ըմբռնում, թե եզդիական համայնքը չի մասնակցել համաժողովրդական շարժմանը»,- դիտարկումը «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սայիդ Ավդալյանինն է։ Թյուրըմբռնումը պայմանավորում է նրանով, որ  հայկական ԶԼՄ-ների կողմից քիչ լուսաբանվեց եզդիների մասնակցությունը:

Մինչդեռ Սայիդ Ավդալյանը ողջունում է համաժողովրդական շարժման հաղթանակը՝ այն համարելով նաև  Հայաստանի եզդիական համայնքի հաղթանակը: Իսկ հաղթանակից ու Հայաստանի նոր կառավարությունից համայնքը կոնկրետ ակնկալիք ունի:

Եզդիական համայնքի այլ խնդիրների ցանկում նաև մշակութային է՝ լեզվի պահպանում, ազգագրական երգի-պարի պետական կարգավիճակով խմբի ստեղծում և այլն: Հեղափոխական շարժմանը Հայաստանի ասորական համայնքը թեև չի առանձնացել ընդգծված ակտիվությամբ, սակայն համայնքն էլ ունի իր ակնկալիքները, ինչպես հին, այնպես էլ նոր կառավարությունից:  Ասորական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովն է ներկայացնում.

«Այն խնդիրները, որ մենք ունենք հիմականում, առնչվում են լեզվին, ասորական մշակույթի պահպանությանը: Իհարկե, դրանք մեկ օրում լուծվող խնդիրներ չեն, բայց առաջիկա ամիսներին, կարծում եմ, արդեն տեսանելի կլինի՝ որքանով արդյունավետ կլինի աշխատանքը այդ ուղղությամբ: Իհարկե, դա պայմանավորված է նաև նրանով, թե ինչպես կհամագործակցենք նոր կառավարության հետ»:

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն ասում է, որ կազմակերպված սկզբունքով համայնքը երբեք որևէ շարժման կամ հանրահավաքի չի մասնակցում, բայց համայնքի ներկայացուցիչներից շատերը մասնակցել են շարժմանը, որովհետև յուրաքանչյուր նոր քայլ արդեն հետաքրքիր է ու  միշտ նոր հույսեր է արթնացնում.

«Ինչ վերաբերում  է ազգային փոքրամասնություններին, ապա մենք հույս ունենք, որ մինչ օրս գոյություն ունեցող դրական վերաբերմունքը չի փոխվի: Նախկին իշխանությունները  ևս մեզ չեն նեղացրել։ Մենք ամբողջ աշխարհին անընդհատ փորձել ենք ներկայացնել, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ չկա խտրական վերաբերմունք, և այստեղ մենք որպես համայնք զարգանալու լիարժեք հնարավորություն ունենք: Մենք մեծ հույս ենք կապում նոր կառավարության  ճիշտ քաղաքականության հետ»:

Խնդիրները, որոնց լուծումն ակնկալում են հրեական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի նոր կառավարությունից, հիմնականում ընդհանուր են. արժանապատվությունը վիրավորող կենսաթոշակ, աշխատավարձ, աշխատանքի բացակայություն և այլն: Որպես հրեական համայնքին առնչվող կոնկրետ խնդիր Ռիմա Վարժապետյանն առանձնացնում է Երևանում Իսրայելի դեսպանատան կամ հյուպատոսարանի բացակայությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button