ԿարևորՔաղաքական

Ինչպե՞ս բաշխվեցին նախարարական պորտֆելները

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձևավորված է: Կառավարության անդամներից մի քանիսին վարչապետը  նախորդ շաբաթ աշխատակազմերին անձամբ ներկայացրեց: Մյուսներն էլ՝ այսօր առավոտյան աշխատավայր են գնացել՝ առանց վարչապետի: Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում է: 

Եվ այսպես, ինչպե՞ս  բաշխվեցին նախարարական պորտֆելները:

 

 

Ոչ թե կոալիցիոն, այլ՝ համաձայնության. Նիկոլ Փաշինյանի մատնանշած   համաձայնության  կառավարությունն արդեն ձևավորված է: 17  նախարարական պորտֆելները բաշխվեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների միջև: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Հանրապետություն կուսակցության հիմնադիրներից է:

Նիկոլ Փաշինյանի կառավարության 17 նախարարներից երկուսն են կին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար եւ Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարար: Մակունցը խորհրդարանական վերջին ընտրություններին մասնակցել է ՀԱԿ համամասնական ցուցակով։

Մակունցի նշանակումը բուռն քննարկումների առիթ դարձավ:

Երեք փոխվարչապետերից երկուսը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը ԲՀԿ- ից է։

Նոր կառավարությունում ՀՅԴ ունի երկու պորտֆել. Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյանը։

ԲՀԿ- ն ունի 4 նախարար։ Այս կուսակցությունից են Արթուր Գրիգորյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար, Լեւոն Վահրադյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝  արտակարգ իրավիճակների նախարար։

Կառավարությունում չորս անկուսակցական նախարար մինչ այս իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխնախարարներն են եղել։ Զոհրաբ Մնացականյանը ղեկավարում է ԱԳՆ-ն, Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ- ն, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարությունը, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության։


Վերջինիս նշանակումը ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկումների առիթ դարձավ:

Բուռն քննարկումների արժանացավ նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Քննարկումներն այնքան թեժացան, որ  ՀՀ առողջապահության նախարարությունը  հաղորդագրություն  տարածեց, որտեղ նորանշանակ նախարարը ներողություն խնդրեց.


«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս,  թյուրըմբռնման տեղիք են տվել»:

Կրթության ու գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերի ավանդույթը չխախտեց ու առաջին հանգստյան, բայց իր համար աշխատանքային օրը ուղիղ եթերում հայտարարեց:

«Պետք է հասկանալ ՇՊՀ-ում տիրող իրավիճակը, լուծվի: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»:

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում նաև առաջարկեց քննությունները մեկ շաբաթով հետաձգել.

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»:   

«Քաղաքական սերնդափոխություն, բայց ոչ կադրային ջարդ»,- վաղ առավոտյան հայտարարեց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Այս կառավարությունը ոչ միայն համաձայնության, այլ նաև երիտասարդների կառավարություն է: Ամենաերիտասարդ անդամը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան, ամենատարեցը՝ Զոհրաբ Մնացականյանը՝ 52 տարեկան: Նորանկախ Հայաստանի վարչապետերի միջին տարիքը պաշտոնը ստանձնելիս 43 է եղել: 43 տարեկան է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Դե իսկ երրորդ հանրապետության ամենաերիտասարդ վարչապետը Արմեն Դարբնիյանն է։ Նա պաշտոնը ստանձնել է 33  տարեկանում:

Back to top button