ԿարևորՔաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումները իրարամերժ գահատականի են արժանանում

ՀՀ վարչապետի կաբինետի ձեւավորումն ու Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումներն այս օրերին հանրության շրջանում եւ սոցցանցերում քննարկվող թիվ մեկ թեման են: Ամենամեծ աղմուկը բարձրացավ, երբ մարդիկ ոստիկանապետի նոր ղեկավարի պաշտոնում կարդացին Վալերի Օսիպյանի անունը: Փաշինյանն ինքն էլ հայտարարեց՝ տեղյակ է՝ նշանակումը համենայն դեպս սոցցանցերում որոշակի հարցեր է առաջացրել:

Հանրությունը քննարկում է, ոգեւորվում, բորբոքվում, մանրադիտակի տակ առնում վարչապետի նոր կադրերի կենսագրական մանրամասները: Ֆեյսբուքն աղմկում է  ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակման առաջին իսկ վայրկյանից: Նրան հանրությունը ցույցերի ու հանրահավաքների ժամանակ տեսել է թերեւս նույնքան հաճախ, որքան Փաշինյանին, բայց՝ բարիկադների տարբեր կողմերում: Երբեմն որպես «հայտնի ցույց ցրող» ներկայացվող Օսիպյանի կերպարը սկսեց նոր լույսի ներքո դիտարկվել: Առաջին հերթին՝ առաջին անգամ առանց համազգեստի, ժպտալիս ու ընտանեկան լուսանկարներով: Ապա սկսվեցին քննադատությունները:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննադատողներից մեկն է: «Եթե մարդն ունի արձանագրված գործողություններ, որոնք անմիջականորեն կապված են մարդու իրավունքների ոտնահարումների հետ, այստեղ ես մտահոգություններ ունեմ»,- ասում է։

Սաքունցը դեռ երեկ վրդովվել էր նշանակումից, դա անվանել խայտառակ որոշում: Ասել էր, որ սա չի կարող դիտարկել անպատժելիության համակարգը վերացնելուն ուղղված քայլ: Նշանակման  մասին կարդալիս բարկացել էր այնքան, որ նույնիսկ հայտարարել էր՝ ֆեյսբուքից էլ է դուրս գալիս: Իսկ այսօր Սաքունցի տրամադրությունն ու տրամադրվածությունը փոքր-ինչ փոխված են: Ձեւակերպումները, կարծես, ավելի մեղմ են:

Փաշինյանի հիմնավորումից հետո՞ փոխվեցին՝ հետաքրքրվեցի: «Փաշինյանի հիմնավորումից հետո չէ, գործադիրի մյուս անդամների նշանակումից հետո: Ես էլի մնում եմ իմ կարծիքին՝ Օսիպյանի նշանակումը խնդրահարույց է, դրա հետ հաշտվել չեմ կարող»,- պատասխանեց:

Երեկվանից վարչապետը տարբեր առիթներով մեկնաբանել էր Օսիպյանի նշանակման որոշումը, հիմնավորել: Հարցին անդրադարձավ կեսգիշերին էլ՝  իր նոր գրասենյակից՝ ուղիղ կապով: Նորից բացատրեց՝ օրենքի պահանջն է՝ ոստիկանապետը պարտադիր պետք է լինի համակարգի ներսից, սակայն «համակարգի ներսում, ըստ էության, չկան բարձրաստիճան պաշտոնյաներ, որի նկատմամբ չլինեն «պրիտենզիաներ»:

Երկար է մտածել, բայց Օսիպյանը եղել է ոստիկանապետի պաշտոնի համար լավագույն տարբերակը՝ շեշտեց Փաշինյանն ու բացատրեց՝ կոռումպացված չէ, կլանային համակարգի մաս չի կազմել, տանիք, մեջք, թիկունք չի ունեցել: Իսկ սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երեւույթ է: «Վալերի, Օսիպյանը, լինելով Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, ըստ էության, իր կարիերան արել է, պետք է ճիշտ ձեւակերպել, փողոցներում «սեւագործ» աշխատանք անելով»,- ասաց:

 

Վարչապետի «աջ ձեռքը»՝ փոխվարչապետերն ու նախարարներից մի քանիսը չեն ծառայել Հայոց բանակում՝ շարունակվեցին մտահոգությունները: Գիտությամբ են զբաղված եղել՝ շարունակեց հանրության մյուս թեւը: Արթուր Սաքունցն այս առումով արձագանքում է. «Գործադիրի մյուս անդամների  նշանակման հետ կապված խնդիր չեմ տեսնում»:

Իրավապաշտպանը շեշտում է՝ այսօրվա թիվ մեկ հարցն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների թափանցիկ անցկացումն է: Ժամանակավոր կառավարության կադրային կազմն այդքան քննարկելն անտեղի է: «Այն բոլոր պահանջները, որոնք կապված կամ ուղղված չեն առաջիկա ամիսներին ազատ եւ արդար արտահերթ ընտրությունների աապահովմանը, համարում եմ ոչ տեղին, ոչ հիմնավոր»:

Նիկոլ Փաշինյանի կադրային ընտրությունը կոնֆլիկտաբան Սամվել Հակոբյանը կոնֆլիկտների առարկա չի համարում: Այս անցումային շրջանում ցանկացած գրագետ մարդ կարող է տանել այդ աշխատանքը: Այստեղ ավելի կարեւոր է, թե ինչ համակարգում են աշխատում՝ ասում է: Փորձառությունը, ըստ կոնֆլիկտաբանի, անշուշտ, կարեւոր է, բայց երիտասարդներն էլ ավելի ճկուն են, արագ կողմնորոշվող, ոչ պակաս գրագետ:

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակված Արթուր Վանեցյանի մասին համացանցը շատ քիչ բան է պատմում: Ո՞վ է, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արդյունքներ գրանցել աշխատանքում, բիզնեսներ ունի՞, թե՞ ոչ՝ հարցեր է բարձրացնում Արթուր Սաքունցը: Տեղեկությունները սուղ են, իսկ ֆեյսբուքից էլ թե Վանեցյանն ու նրա տիկինը դուրս եկան նշանակումից րոպեներ անց՝ արձանագրեց մամուլը: «Բնական է»՝ նորից հնչեցին հակառակ կարծիքները. Ազգային անվտանգության ծառայողները հանրային կերպար չեն կարող լինել: Ինչեւէ, առայժմ կարող ենք արձանագրել՝ նոր վարչապետն իր կողքին այսօր տեսնում է մարդկանց, որոնցից դեռ օրեր առաջ իրեն բաժանում էին փշալարերը: Փաշինյանի ձեւակերպումն է:

Ցուցադրել ավելի
Back to top button