Հասարակություն

Ինչպես վերադարձնել արդարադատության նկատմամբ մարդկանց վստահությունը

Դեռեւս ձեւավորվող կառավարության կազմի հետ կապված տարատեսակ լուրերի շարքում երեկվանից սկսել է շրջանառվել մեկը, որի համաձայն արդարադատության ոլորտը վստահվելու է <<Ելք>> խմբակցության պատգամավոր, <<Հանրապետություն>> կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Ոլորտը մեծ է, խնդիրները շատ: Արդեն նաեւ ոլորտի մասնագետներն են փորձում բանաձեւեր գտնել, թե ինչ միջոցներով է հնարավոր վերադարձնել հայաստանյան արդարադատությանը նկատմամբ մարդկանց վստահությունը:

 

Համաժողովրդական ընդվզման խթանիչ եւ հիմնական գործոններից մեկը թերեւս արդարության եւ արդարադատության պակասն էր ՀՀ-ում: Առանցքային այս ոլորտում հակասական փաստերի եւ դեպքերի վրա տարիներ շարունակ ուշադրություն է հրավիրել  հետաքննող լրագրող, իրավաբան եւ <<Անմեղության հայկական ծրագիր>> ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյան:

Փաստաբանները 2011 թվականից պարբերաբար գործադուլներ էին կազմակերպում, մի քանի օր չէին մտնում դատարաններ, վերջին բողոքը այս տարվա սկզբում էր: Ոլորտից դժգոհությունները շատ են եւ ամենեւին այնպես չէ, որ խնդիրների մեծ մասը օրենսդրական դաշտում է: Խնդիրը ավելի շուտ համակարգային է եւ որոշ դեպքերում՝ անձերի մեջ, ասում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Հասարակությանը գոհացնել հնարավոր չի լինի, եթե չլինի վստահություն համակարգի հանդեպ: Հասկանալի է, որ ցանկացած դեպքում առկա է երկու կողմ, ուստի դատարանի որոշումը պետք է ընդունելի, հասկանալի եւ ընկալելի լինի բոլոր կողմերի համար: Իշխանափոխության օրերին շատ էր խոսվում <<քաղբանտարկյալներին>> ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Անգամ այս դեպքում մասնագետները պնդում են՝ որոշումները չպետք է կամայական կայացվեն: Անհրաժեշտ է գնալ օրինական ճանապարհով: Մինչ համակարգում վստահելի մթնոլորտի ձեւավորումը՝ առաջնային են համարում այս հարցում հասարակության մեջ առկա լարվածության թուլացումը

<<Քաղբանտարկյալներ>> ձեւակերպումն օգտագործելիս՝ իրավաբանները հիմնվում են առավելապես ԵԽԽՎ եւ <<Ամնեսթի ինթերնեշընըլ>> կազմակերպության տված հստակ ձեւակերպումների վրա:  Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով հետախուզման մեջ էր <<Սասնա ծռերի>> գործի հետ կապված եւ ձերբակալվել էր ապրիլի 24-ին, երեկ ազատ արձակվեց պատգամավորների երաշխավորությամբ։ Այսօր պնդում է՝ բացի իրենից դեռեւս շատ անձինք կան, որոնք համապատասխանում են <<քաղբանտարկյալ>> եզրույթի միջազգային սահմանմանը:

Երեկ քննվում էր նաեւ <<Սասնա Ծռեր>> խմբի անդամների խափանման միջոցը փոխելու հարցը, որը դատարանը չբավարարեց: Չուգասզյանը դատարանի այդ քայլը որակեց սաբոտաժ ընդդեմ նոր իշխանությունների՝ կասկածելով, որ այդ միջոցով գործով հետաքրքրված մարդկանց դժգոհության ալիքը կուղղվի նոր իշխանության դեմ:

Ցուցադրել ավելի
Back to top button