Քաղաքական

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. փաստաբան

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Այս սկզբունքն են հայտարարել ՔՊ կուսակցության պատասխանատու ներկայացուցիչները: Արցախում գտնվելիս էլ՝ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, անդրադարձավ նաև քաղբանտարկյալների ազատ արձակման հարցին:

Ես քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարություն արել եմ և ասել եմ, որ մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցերը պետք է լուծվեն օրենքի շրջանակներում՝ շեշտել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չնայած այս հայտարարությանը՝ կան նաեւ որոշ շրջանակներ, որոնք պնդում են, թե քաղբանտարկյալներին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին պետք է ազատ արձակել անհապաղ:

Այս հարցին անդրադարձել է «Ռադիոլուրը»: Նրա հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը կարծիք է հայտնել, որ գործերը պետք է քննի դատարանը եւ, առանց գործադիր մարմնի որեւէ օղակի կողմից ճնշումների, դատարանները շատ արագ կկողմնորոշվեն եւ շատ արագ կզատեն:

 

«Քաղբանտարկյալ» հասկացությունը բավականին վիճելի է — մեզ հետ զրույցում  ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

 

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատեց, որ «քաղբանտարկյալ» եզրույթը տարբեր կերպ է ընկալվում նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից:

Կան միջազգային տարբեր չափորոշիչներ, բայց նաեւ՝ հասարակությունն ինքն էլ տարբեր կերպ է գնահատում՝ ասաց իրավապաշտպանը:

Միջազգային կազմակերպությունների չափորոշիչների հիման վրա դասակարգելով Հայաստանում ազատազրկվածներին, որոնք նաեւ որոշակիորեն գնահատվում են որպես քաղբանտարկյալներ, Ավետիք Իշխանյանը առանձնակի խոսեց նաեւ «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրվողների մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ ինքն անձամբ կտրականապես դեմ կլինի, եթե գործադիր մարմնի ինչ-որ մի օղակում մարդիկ նստեն եւ կամայական որոշումներ կայացնեն, թե ով է քաղբանտարկյալ, ով ոչ, ապա հրահանգեն դատարանին՝ ազատելու: Նա կարծում է, որ դա կլինի ամենավատ տարբերակը:

«Ես կարծում եմ, որ հերիք է միայն, որ գործադիրի կողմից ճնշումները դատարանի վրա դադարեն, եւ դատական համակարգն ընթացքում ինքը շատ լավ ու հստակ կկողմնորոշվի, թե այսօր ազատությունից զրկվածներից որ մասը պիտի ազատվի, իսկ որ մասը պիտի շարունակի մեղադրվել, գուցե, նաեւ՝ դատապարտվել: Այսինքն, պետք է վերածվի շատ հստակ իրավական բանավեճի, որի արդյունքում դատարանները ճիշտ եզրահանգման կգան: Պիտի դատարանները դա անեն»:

 


Փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ մենք այսօր արդեն ունենք մի օրինակ՝ խոսքը Անդրեաս Ղուկասյանին ազատ արձակելու մասին է: Հայկ Ալումյանը նկատեց, որ վերջինս ազատ արձակվեց ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ասաց, թե նրան ազատ արձակեք, այլ՝ նա դատարանիզ ազատ արձակվեց, քանի որ, փաստաբանի ձեւակերպմամբ, Բաղրամյան 26-ից այլեւս դատարանի վրա ճնշում չկար: Հենց սա է, Հայկ Ալումյանի խոսքով, շատ նորմալ մոդելը:

Չի կարելի հիմա էլ ընկնել մյուս ծայրահեղության մեջ ու հիմա էլ սկսել էլի Բաղրամյան 26-ից հրահանգներ տալ՝ ասելով, թե այն ժամանակ վատ հրահանգներ էին գալիս նույն տեղից հիմա մենք լավ հրամաններ են տալիս Բաղրամյան 26-ից՝ իր խոսքը եզրափակեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Back to top button