Հասարակություն

Հեղափոխության հետևանքը` արտերկրում ապաստան գտած և դեռ սպասողների համար


Հեղափոխությունը կամ իշխանափոխությունը սովորաբար ունենում է հակառակ կողմը՝ նայած, թե որ կողմից ես դիտարկում խնդիրը: Վերջին օրերին փորձ է արվում պատկերացնել, թե Հայաստանի ժողովրդավարացման հերթական փուլն ինչ ազդեցություն կարող է ունենալ արտերկրում հաստատվել ցանկացող մեր հայրենակիցների վրա:

Ի դեպ՝ եվրոպական որեւէ երկրում քաղաքական ապաստան ստանալու մոլուցքը շատ հաճախ բերում է ոչ միայն պատմությունների, այլեւ՝ փաստաթղթերի կեղծման՝ խեղաթյուրելով Հայաստանի միջազգային վարկանիշը:

 

 

Համաժողովրդական շարժման արդյունքում Հայաստանում փոխված իրողությունները հնարավոր է հետեւանքներ ունենան «դրսում»՝ արտերկրում բնակություն հաստատել փորձող մեր հայրենակիցների համար:  Առանց այն էլ 2011 թվականի դեկտեմբերից օրինակ՝ Ֆրանսիայում Հայաստանը ներառվել է այսպես կոչված «ապահով երկրների» ցուցակում: Դրանք այն երկրներն են, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները: «Ապահով երկրների» ցանկն արդեն հիմք է Ֆրանսիայի իշխանությունների համար մերժելու ապաստան հայցող արտասահմանցուն: «Ռադիոլուր»-ի զրուցակից տիկին Անժիկը 7 տարի է, ինչ փորձում է հաստատվել Ֆրանսիայում: Ասում է՝ վերջին օրերին հայերի համար իրողությունները փոխվել են նաեւ այնտեղ:

Վերջին օրերին շատերը սպասում են արտաքսումների մեծ ալիքի Միացյալ Նահանգներից եւ եվրոպական մի շարք երկրներից: Նախկին իշխանություններից հետապնդումներն ու հալածանքներն այլեւս քաղաքական ապաստանի հիմք չեն կարող դառնալ: Ասում են՝ նման գործերը միանգամից կմերժվեն, քանի որ համարվում է՝  Հայաստանը այլեւս ունի ժողովրդավարական իշխանություններ, որոնք ապահովում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Զարգացումների նման հավանականություն տեսնում է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի մոտ 10 հազար քաղաքացի Հայաստանից դիմում է ԵՄ տարբեր երկրներ ապաստանի համար։ Մի մասը դիմում է ճարահատյալ՝ առողջական խնդիրներից ելնելով, բայց գերակշիռ հատվածը սովորաբար փաստաթղթերով ներկայացնում է քաղաքական ապաստան ստանալու հիմնավորումները: Խնդրի մասին մշտապես բարձրաձայնել է ԱԺ եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես տեղի կունենան զարգացումները՝ պաշտոնական որեւէ արձագանք այս խնդրին չկա: Բայց օրինակ՝ վերջին օրերին համացանցում ակտիվ տարածում ստացավ մի լուսանկար, որտեղ պատկերված է Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11  դպրոցի արդեն նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը՝ ճամպրուկներով եւ արդեն Միացյալ Նահանգների օդանավակայանում: Հասկանալի է, որ իր դեմ եղած մեղադրանքներն ու բողոքի ակցիաները նա էլ կարող է ներկայացնել քաղաքական հայացքների համար հալածանք։ Այնպես որ՝ ժողովրդավարացման փուլերը մարդկանց չեն ազատի օտար ափերում քաղաքական ապաստան փնտրելու փորձերից։

Back to top button