ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյան. «Որ պահից չի լինի հանրային աջակցություն, կդադարի լինել ՀՀ վարչապետ

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ կառավարության նիստն է վարել։ Առաջին անգամ ներկա են եղել նորանշանակ Վալերի Օսիպյանն ու Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նիստին ներկա կառավարության պաշտոնակատար անդամների մեծ մասն այսօր կառավարության նիստին վերջին անգամ են մասնակցել:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտարարել է, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար, հստակեցրել է նաև, որ սփյուռքի նախարարն ու փոխոստիկանապես Լևոն Երանսոյանը  չեն  շարունակի պաշտոնավարել:

Կառավարության նիստից առաջ  այսօր էլ ավանդույթը չի  խախտվել: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան իր էջով:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին նիստի ու նիստին հաջորդած ճեպազրույցների մանրամասները՝ ռեպորտաժում:

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության  շենք մտավ ու  դուրս եկավ կենտրոնական մուտքից: Մինչ կառավարության նիստի մեկնարկը՝ նորանշանակ վարչապետը չխախտեց ավանդույթն ու ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ  եթեր մտավ՝ ներկայացնելով կառավարության մի քանի սենյակներ, որտեղ ինքն էլ առաջին անգամ է լինում. «Ահա, տեսնենք ինչ կա այստեղ, չհրկիզվող պահարաններ, ննջարանային հատված, որտեղ կարելի է  գիշերել, սառնարանն է այստեղ»:

Կառավարության նիստերի դահլիճ Նիկոլ Փաշինյանը մտավ՝ հուսալով, որ կառավարության անդամները լավ աշխատանքային տրամադրություն ունեն:

Կառավարության նիստին նախարարի պաշտոնում վերջին անգամ էր մասնակցում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: Նիստից հետո հայտարարեց: «Ես հրավեր չեմ ստացել»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հայտարարեց՝  կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր նախարարի նշանակումը: Կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էին նորանշանակ ոստիկանապետ  Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Երկուսի համար էլ նշանակումն  անակնկալ էր:

Ոստիկանապետը հայտարարեց՝  ինչպես «Քայլ արա» շարժման ժամանակ, այնպես էլ այս պահին ժողովրդի կողքին է։

Կադրային փոփոխություններ կլինեն՝ ասաց ոստիկանապետը, չմասնավորեցրեց՝ փոխոստիկանապետը պաշտոնանկ կարվի, թե՝ ոչ: Այս հարցին շատ ուղիղ կառավարության նիստից  հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեվոն Երանոսյանը չի պաշտոնավարի: Մյուսների դեպքում չեմ կարող ասել: Չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատավոր»:

Սփյուռքի նախարարը նույնպես պաշտոնանկ կարվի՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հայտնեց՝ այսօր արդեն նշանակումներ կլինեն։ Մինչ այդ, ևս մեկ անգամ հստակեցրեց՝ համաձայնության կառավարություն կձևավորվի:

ՀՅԴ-ի  հետ քննարկումները շարունակվում են՝ ասաց: Վարչապետը հայտարարեց՝ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ հանրային աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով։


Որ պահից չի լինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած կդադարի լինել ՀՀ վարչապետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց ներկայացրած ծրագիրը շարունակվում է այնպես, ինչպես հայտարարվել է պաշտոնապես: Նշեց՝ մտադիր չէ կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու գործընթացը տապալել: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն ամենասեղմ ու տրամաբանական ժամկետում:

Ցուցադրել ավելի
Back to top button