Հասարակություն

Դատարկվող Սարչապետում անապահով ընտանիք չունեն

Տարբեր թեքություններ ունեցող  հողաշեն ճանապարհներն անանցանելի են դառնում հատկաապես անձրևոտ եղանակներին, սակայն այս դժվարությունը հաղթահարվում են  գյուղի բարերարների նվիրած գրունտը հարթենող «Գրեյդեր» տեխնիկայի միջոցով:

Գրեյդերը գյուղի միակ տեխնիկան է, իսկ  հողը մշակելու և գյուղատնտեսությունը զարգացնելու համար որևէ տեխնիկա չունեն, որի պատճառով սեփականաշնորհված  հողերը չեն մշակվում, գյուղն էլ դատարկվում է: Գյուղացիների հետ զրույցի ընթացքում բոլորն էլ նույն ցավոտ հարցի մասին էին խոսում. «Էս տունը 5 տարի առաջ է գնացել, մյուսը՝ 10, էս փողոցի վրա 3-4 տուն է ապրում, սաղ գյուղը գնացելա  հաց ճարելու Ռուսաստան, Բելոռուսիա, Մերձբալթյան երկրներ»:

Համայնքի ղեկավար  Բորիս Բարոյանը նշեց, որ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված միայն 20 ընտանիք  2014- և 2015 թթ-ին են  հեռացել, քանի որ գյուղում ընտանիք պահելու միակ միջոցը  խոպանն է:  Կամքի ուժով ու ծանր տանջանքով մի կերպ հող մշակող գյուղացին էլ թանկացումների պատճառով է հրաժարվել հողից:

Եվ քանի որ գյուղացիներն ապրում են արտագնա աշխատանքով, ապա գերադասում են շուկայից գնել այն, ինչն իրենք են ցանելու՝ առանց ավելորդ նյարդյին լարվածության:  Սեփականաշնորհած հողերը  հիմնականում հեռու են, լքվածության պատճառով ճանապարհները փակվել են: Մոտ տարածքներից միայն խոտ են հնձում և անասնապահությամբ զբաղվում: Սարչապետում սա ավելի ձեռնտու  տարբերակ է, կաթը հանձնում են Տաշիր քաղաքում:  Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը հուսով է, որ ժամանակները կփոխվեն, գյուղացիները կվերադառնան տուն և գյուղը նոր զարգացում կունենա:

Արդեն մոտենում է երեկոն և գյուղացիներին հանդիպում եմ գոմերի մոտ, երեկոյան անասուններին խնամելու, գոմը մաքրելու ժամն է: Ճամփեզրերին գոմաղբ են չորացնում: Ավդալյան  ամուսինները սպասում են կովի ծնելուն. «Գյուղում աշխատատեղ լիներ, մարդիկ կապչեին ու դուրս չէին գա, մի երինջ ունենք ու մի կով, մեկին էլ մորթել, ծախել ենք, հիվանդանոցի հարցեր լուծել»:

Տիկին Ասյան ասաց, որ միակ որդուն տանը տարվա ընթցքում  2 ամիս են տեսնում, երեք երեխա ունի, մի կերպ է հասցնում,  իրենք էլ օրվա ստացած 10-12 լ կաթն են վաճառում, սննդամթերք գնում:

Գոմաղբը  չորացնում են վառելիք սարքում, այն օգտագործում են նաև որպես պարարտանյութ՝ լցնելով  տնամերձ հողամասերը:   Սարչապետում տնամերձ հողամասերի տարածքները քիչ են, գյուղում ապրողները մշակում են  իրենց ու փակ դռների դիմացի հողամասերը:

Սեյրան Մխոյանը  գյուղում այլ զբաղմունք ունի, մեղվապահությամբ է տարված, 1 փեթակից  հասցրել է  մինչև 27-ի. « Եթե շարժական փեթակներ լիներին կրկնակի ու եռակի կստանայի մեղր, բայց դրա հանարավորությունը չունեմ»:

Երեկոն թանձրանում է, առօրյա հոգսերից հոգնած գյուղացիները  դեմքով շրջվում են դեպի հյուսիս, դեպի  գյուղի կենտրոնում  կողք-կողքի գտվող Կաթոլիկ ու Առաքելական եկեղեցիները, մտովի աղոթում անցնող  օրվա, վաստակած հացի ու դրսում գտնվող  հարազատների  համար:

Դատարկվող Սարչապետում  համայնքի ղեկավարը հպարտությամբ է նշում՝ գյուղում  անապահով ընտանիք չկա:

Back to top button