Քաղաքական

Փորձագետները ճգնաժամից դուրս գալու լուծումներ են առաջարկում

Որո՞նք են հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթ մարտահրավերները, ինչպե՞ս կընթանա իշխանության փոխանցումը նախկին վարչակազմից նորին, որո՞նք կլինեն արտաքին ու ներքին քաղաքականությունների մարտահրավերները եւ ու՞ր է ուղղված արտաքին ու ներքին քաղաքականությունների ուժագիծը- այս հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը:

Քննարկման մասնակիցները համակարծություն են հայտնել, որ Հայաստանում տեղի են ունեցել չափազանց կարեւոր իրադարձություններ, սակայն, առաջացած լուրջ  ճգնաժամը դեռեւս հաղթահարման փուլում է: Փորձագետները առաջարկել են նաեւ, ըստ իրենց, ճգնաժամից դուրս գալու լուծումներ:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նոր վարչապետի կաբինետի ձեւավորումը հարթ չի ընթանալու եւ, նրա ձեւակերպմամբ, ունենալու է ստորջրյա հոսանքներ: Փորձագետի ձեւակերպմամբ՝ արտաքին եւ ներքին քաղաքականությունները փոխկապակցված են, հետեւաբար՝ այդ առումով հարցերը բավականին շատ են.

«Այս նոր կառավարությունը եկել է նոր որակի ներքին քաղաքականության օրակարգով եւ պետք է հասկանալ, որ դա չի կարող չունենալ նոր որակի արտաքին քաղաքականություն»:

Քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ պետք է ձեւավորվի փոքրամասնության կառավարություն: Աշխարհում նման փորձ շատ քիչ կա, սակայն, անգամ այդ պարագայում Հայաստանում ստեղծված իրավիճակը միանգամայն տաբեր է այդ փորձերից:

Փորձագետբները խոսեցին նաեւ նոր կառավարության համար ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին՝ ըստ իրենց: Շեշտեցին, որ արտաքին առումով՝ կարեւորը Արցախի խնդիրն է եւ, այդ առումով, էական նշանակություն ուներ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շեշտադրումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի իշխանությունների հետ:

Քննարկման մասնակիցները կարծում են, որ ժողովրդավարությունն ու թափանցիկ կառավարումը Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչներից է, սակայն, հաշվի առնելով Արցախի խնդրի առկայությունը, ինչ-որ սահմանափակում պետք է նկատի ունենալ այդ ամենում: Ինչպիսի՞ լուծումներ կգտնվեն այդ երկու իրողությունների համադրության համար՝ փորձագետները, սակայ, դժվարացան առավել հստակորեն նկարագրել կամ կանխորոշել:

Back to top button