Հասարակություն

«Լույս» հիմնադրամին աշխատանքի դադարեցման մասին ծանուցում է ներկայացվել

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույս»-ի աշխատակազմին ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած, կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված է բաց նամակում:

Գործադիր տնօրենը չի նշել, թե ով և ինչպես է ծանուցել հիմնադրամի գործունեության դադարեցման մասին։

«Լույս»-ը հիմնադրել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Դրա առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թվի ավելացումն է՝ համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։

Back to top button