Վերլուծական

Բաքուն ստիպված կլինի մեղմացնել իր հռետորաբանությունը. քաղաքագետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալով մի քանի անգամ արդեն շեշտել է Արցախին բանակցային կողմ ներգրավելու կարևորության մասին: Որ դեպքում է  դա հնարավոր և որքանով է իրատեսական:

Արցախ այցը Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն էր, առաջին ասուլիսը վարչապետի պաշտոնում հենց Ղարաբաղում էր: Ջերմ ընդունելությանը հաջորդեց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում նոր մոտեցման արձանագրումը:

Բանակցային ձևաչափը  լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը հստակեցրեց նա: Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը պարտադիր չեն:

Հայաստանը կոշտացնում է դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում՝ ասում են քաղաքագետները։

 

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը մինչդեռ առայժմ չի շտապում կարծիք հայտնել, դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է արվում այդ հայտարարությունը:

«Հարգանքի տուրք է կարծում եմ, որ չասեն, թե որևէ փոփոխություն չի մտցնում: Բայց հարց է, թե ինչ նպատակով է դա արվելու»:

Կան պայմանավորվածություններ, որոնք շրջանցելը բավականին դժվար է և ռիսկային, ու մարտահրավերների հետ է կապված՝ ասում է:

Իրականությունն այլ է, դրանք հաշվի առնելով պետք է հետագայում քայլեր ձեռնարկվեն ու պաշտպանվեն այն սկզբունքները, որոնք հայտնի են, նշեց Վահրամ Աթանեսյանը:

Միջնորդները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունների որոշակի փուլում Արցախը ևս պետք է մասնակցի բանակցություններին ու իր խոսքն ասի:

Մասնակցությունը չի կարող ինքնանպատակ լինել, ես ուզում եմ հասկանալ, թե որն է այդ հայտարարության նպատակը՝ ասաց Արցախի Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, մինչդեռ, վստահ է այդպիսով՝ գնդակը նետվում է Ադրբեջանի դաշտ և պաշտոնական Բաքուն ստիպված կլինի մեղմացնել իր հռետորաբանությունը՝ կարծում է։ Ըստ քաղաքագետի՝ դրա համար լավ հիմք է Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմությունը թավշյա  հեղափոխությունից հետո:

Back to top button