Քաղաքական

Ամեն ինչ անելու եմ, որ հաջորդ նախարարը հաջողի. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօրվա մամուլի ասուլիսում նախ շնորհավորել է  մայիսյան տոների կապակցությամբ և ցանկացել, որ հաղթանակների շղթան շարունակական լինի և ժողովրդին բերի ամրության, ինքնավստահության զգացում: Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ ներքաղաքական վիճակին՝ հստակեցնելով իր հրաժարականի հետ կապված հարցը:

Մեր մարտահրավերների պայմաններում անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի՝ ասել է Վիգեն Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ հարցերում փոխըմբռնում կա, սակայն դա ոչ բավարար դաշտ է մի թիմում աշխատելու համար: 

Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ասաց, որ բացառում է իր աշխատանքը նոր կառավարության կազմում: Նրա ձեւակերպմամբ՝ նախարարը վարձու աշխատանք չէ,  քաղաքական պաշտոն է, թիմի խնդիր է, խորը վստահության խնդիր: Այնուհետեւ Վիգեն Սարգսյանը հստակեցրեց.

«Ես երեկ հայտարարել եմ, որ՝ այո, ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում: Անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի՝ մեր մարտահրավերների պայմաններում: Որևէ բան ինձ իմ պարտականություններից հետ պահել  չի կարող, մինչև չիմանամ՝ ով է  ստանձնել այդ պարտականությունները»:

Վիգեն Սարգսյանն ասաց նաև, որ գործընթացներից չի ինքնամեկուսանալու: Ամեն ինչ անելու է, որ հաջորդ նախարարը հաջողի: Կներկայացնի բոլոր տեղեկությունները արդեն սկսված ծրագրերի վերաբերյալ: Հույս հայտնեց, որ ծրագրերը կշարունակվեն իրականացվել, քանի որ քաղաքական հայացքների արդյունք չեն, այլ փոքր երկրում մեծ բանակ պահելու վերկուսակցական ծրագրեր՝ զերծ ինչ-ինչ անձնական կամ կուսակցական ամբիցիաներից:

Անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու լուրերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց.

«Ես Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ եմ անցել, նա գիտի նախարարությունը, փորձ ունի։ Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:

Արձագանքելով ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, թե վիճակը ինքը վտանգավոր է համարում, քանի որ կարծում է, որ միշտ էլ գտնվելու է մարդ, ով կարող է ավելի շատ մարդ դուրս բերել փողոց:

«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, քանի դա պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «փոքրամասնության կառավարություն» եզրույթն էլ սխալ է օգտագործվում, իսկ այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է: Խոսելով տեղի ունեցած իրադաձություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանատվությունից՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենց թիմի պատասխանատվությունը շատ մեծ է.

«Պպարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա այդպիսի զարգացում, պատճառների մասին կարծում եմ առիթ կունենանք խոսելու: Սրված վիճակներում խրոնիկ հիվանդություններ չեն բուժվում, հիմա վիրահատություն է եղել, և պետք է սպասել, որ հանդարտվի, որից հետո բուժել խրոնիկ հիվանդությունները եւ պատճառները, որոնք ծնել են այս իրավիճակը»:

Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց նաեւ, որ հուսով է՝ այն թիմը, որը կձևավորվի, կնպաստի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ձեւավորված կապերը պահպանելուն և ավելի արդյունավետ դարձնելուն՝ նկատելով նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը դա խոսք է տվել ԱԺ իր ելույթում: Վիգեն Սարգսյանի ձեւակերպմամբ՝ տեղի ունեցած զարգացումները խորհրդարանական համակարգի համար լուրջ փորձաքար էր:

Ցուցադրել ավելի
Back to top button