ԿարևորՀասարակություն

Որն էր Հաղթանակի և խաղաղության տոնի քաղաքական շեշտադրումը

«Հաղթանակ» զբոսայգում այսօր նորից հիշել են մեր պատմական հին ու նոր հաղթանակները, իսկ «Ռադիոլուրի» հետ զրույցում շատերն այդ հաղթանակների շարքին են դասել նաեւ ներհայաստանյան վերջին իրադարձությունները: Տոնական օրը քաղաքական հայտարարություններից էլ զերծ չի եղել: 

«Հաղթանակ» զբոսայգում տոներն ու տոնական գույներն այսօր իրար են խառնվել: Ավանդական շքերթ, շքանշաններով շրջող Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Հայրենական պատերազմի վետերաններ: Նաեւ մարդիկ, որոնց շապիկներին Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարներն են:

Վաղ առավոտից զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել բարձրաստիճան պաշտոնյաներ, խմբեր, ընկերություններ: Նորանշանակ վարչապետն Արցախում է, բայց նրա անունից էլ ծաղկեպսակ կա: Հայաստանում նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը: Օրը տոնական է, բայց քաղաքական շեշտադրումներից՝ ոչ զերծ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհելուց հետո խոստումն է փոխանցում՝ անպայման ներդրում ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում:

« Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական ու հարգալից հարաբերություններ ունեմ: Կարեւոր չէ, թե ով է ինձ առաջադրել, ես պատրաստ եմ եւ ծառայում եմ իմ հայրենիքին: Նույն ազգային ժողովը, որն ընտրել է ինձ, ընտրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին: Խնդիրն այն է, թե կարողանալո՞ւ ենք արդյոք մենք մեր երկիրը կդարձնենք այն երկիրը, որի մասին երազել ենք 26 տարի շարունակ: Օրեր առաջ եմ հանդիպել Սերժ Սարգսյանին, միասին թեյ ենք խմել, քննարկել ներքաղաքական իրավիճակը: Իմ տպավորությամբ՝ ինքը չէր պատրաստվում Հայաստանը լքել:


Հանուն երկրի կայունության ենք անում ամեն ինչ, ինչ անում ենք ՀՀԿ-ով՝ ասաց ԱԺ նախագահը: Արա Բաբլոյանը շատ հարցերի չպատասխանեց, սակայն արձագանքեց, թե ինքն ինչո՞ւ չշնորհավորեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես չշնորհավորեցի, որովհետեւ ուղղակի չթողեցին, ծափ տվեցին ու նրան հրավիրեցին: Ես շնորհավորում եմ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում եւ հասարակություններում:

Տոնի առթիվ «Հաղթանակ» զբոսայգում է նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Փաշինյան-Պուտին հանդիպմանը սպասում է, հարաբերությունների զարգացման հարցում լիահույս է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում երկկողմ հարաբերություններում հնարավոր փոփոխություններից է խոսում:

«Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այ դա կլինի փոփոխություն»:

ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս մայիսը նմանեցնում է ազգային զարթոնքի, որպիսին մեկ էլ 88-ին ենք ունեցել: Կարեւորը՝ էյֆորիան հանգստանա, ու իսկական գործնական քայլերի ժամանակը գա՝ ասում է «Ռադիոլուրին»: «Բարգավաճ Հայաստանը» հեղափոխական շարժման մաս է առանց նախապայմանների ու պատրաստ՝ պատասխանատվությունը կրել ժողովրդի առջեւ, բայց:

Իսկ տրամադրությունն այգում, Վետերանների համար ավանդական վրանային ճաշկերույթի ժամանակ բարձր է՝ այսպիսին:

Զրուցակիցներս վստահ են՝ վերջին իրադարձությունները համալրեցին մայիսյան հաղթանակների շարքը:

Back to top button