Հասարակություն

Հաղթական օրը՝ Եռաբլուր պանթեոնից

Մայիսյան հաղթանակների կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնն էլ է դառնում ուխտատեղի:

Յուրաքանչյուրը հարգանքի տուրք մատուցելու մեծ զգացումով են այցելում այստեղ  հանգչող տղաների շիրմաքարին:

Այսօր Արցախյան հերոսամարտի հերոսների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել ազատամարտիկներն ու երեխաները:

 

 

 

Եռաբլուր պանթեոնն այսօր սովորականից մարդաշատ է: Հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցողներն էլ հիմնականում  ազատամարտիկներն են ու դպրոցահասակ երեխաները: Խմբով կանգնած երեխաների մեջ աչքս ընկավ  «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի մարզաշապիկով սաներին: 14 տարեկան Սմբատ Կնյազյանը զոհված հայորդիների շիրմաքարերին ծաղիկներ էր խոոնարհում ու ծանոթանում նրանց գործած սխրանքին: Միևնույն ժամանակ գիտի՝ նրանց գործը շարունակողը պետք է լինի:

«Արաբո» ջոկատից Ջիվան Հակոբյանն էլ մարտական ընկերների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էր եկել Երուսաղեմի Հարության տաճարում ծառայություն իրականացնելու ընթացքում ձեռք  բերված ոստիկանական համազգեստով‘ ջոկատի սիմվոլները  վրան դաջած,  կուրծքն էլ մեդալներով զարդարած: Ծաղիկները  շիրմաքարին դնելով ասում է.  ուրախության հետ մեկտեղ կորստի ցավն է, ամեն անգամ նրանց հիշատակին ծաղիկներ խոնարհելուց սիրտս ցավում է,  մարտական լավ ընկերներ եմ կորցրել: Սակայն դրան զուգահեռ շնորհավորեց  հաղթանակաների կապակցությամբ:

Ներկաներին միացավ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շնորհավորեց մայիսյան հաղթանակների կապակցությամբ և մատնանշեց, որ  հաղթական ոգին հայ ժողովրդի կյանքում ծայրահեղ պահերին կարևոր դերակատարում է ունենում:

«Այդ ոգին այսօր շատ ավելի բարձր է և ես վստահ եմ, որ մեր հերոսները, մեր մարտիկները հպարտությամբ և ժպիտով են նայում մեր ժողովրդին»:  

Մայիսի 9-ը Հայաստանի պատմության լուսավոր օրերից է, իր հերթին նշեց Դավիթ Սանասարյանը: Հայ ժողովուրդը նորից անհնարինը դարձրեց հնարավոր, ասում է  ու մայիսյան հաղթանակներին ավելացնում նաև  թավշյա հեղափոխությունը:

«Այնքանով է ոգևորիչ, որ ևս մեկ հաղթանակ գրանցեց հայ ժողովուրդը երեկ, այսօր և վաղը: Եվ ես մտածում եմ, որ մեր ժողովուրդը այլևս պետք է մտածի հաղթանակի, զարգացման և նմանատաիպ կարևոր բաների մասին, և փորձի քիչ-քիչ ազատվել տխրությունից»:  

Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Երիտասարդ ու պատանի  սերունդը այսօրվա ապահով և վաղվա բարեկեցիկ Հայաստանի և  պաշտպանված Արցախի երաշխիքն են՝ նշեցին հավաքված ազատամարտիկները:

Back to top button