ԿարևորՀասարակություն

Շուշիի փառավոր հաղթանակը հիշելով

Շուշիի ազատագրումը դարձավ հայկական կողմի ամենանշանակալի ձեռքբերումը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում։

«Առանց Շուշիի ազատագրման Արցախը գոյություն ունենալ չի կարող»,-92-ին սա գիտակցում էին շատերը, այդ թվում նաև Շուշիի ազատագրման գործողության կազմակերպիչ և հրամատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

«Շուշիի համար պայքարը լինել-չլինելու պայքար էր»,-ասում է գեներալը: Նույնն են պնդում նաև Շուշիի ազատագրման այն մասնակիցները, որոնց հետ զրուցել է «Ռադիոլուրը»:

«1742 թվականի հայ իշնաններից մեկն  անձնական շահից դրդված Շուշին նվիրել էր  թուրքական խանին:  Ուղիղ 250 տարի անց  հայերը ազատագրեցին   Շուշին՝  սրբագրելով նաև պատմական սխալները»: Շուշիի ազատագրման մասնակիցները  հիշում ու պատմում են 26-ամյա վաղեմությամբ դեպքերի, իրադարձությունների ու  հաղթանակի մասին, որը դաձավ հետագա հաղթանակների  սկիզբը: «Շուշին այն անառիկ բերդն էր, որի ազատագրումը մեզ վստահություն ներշնչեց: Եթե կարողացանք ազատագրել Շուշին, ուրեմն կարող ենք ազատագրել Արցախը».  Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար, ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի ատենապետ Իգոր Սարգսյանն է պատմում:

Ռազմական արվեստի բոլոր կանոններով ՝ ունեցած միջոցներով Շուշիի զատագրումը գրեթե անհնար էր։ Շուշիում ադրբեջանցիիներն ունեին 2500 զինվոր, իսկ 40 կմ երկարությամբ ճակատում հայկական կողմն ուներ ընդամեը 3500 զինվոր, այնինչ պարզ է, որ հարձակվող կողմը պետք է ունենա պաշտպանվող կողմից նվազագույնը երեք անգամ ավելի զինվոր։ Բարձրագույն հրամանատրության կողմից հարցը դրված էր այսպես ՝ առայժմ չշտապել և միայն պատրաստվել, սա ընդունում էր նաև Արկադի Տեր Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Շուշիի գործողությունը նախատեսված էր սկսել մայիսի հինգին, բայց տեղացած ձյան պատճառով այն իրականացվեց մայիսի 7-ին։ Շուշին ազատգրվեց 26.5 ժամում։ Մայիսի 9-ին առավոտյան 04.30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է։ Այն ժամանակ բոլորն էլ գիտակցում էին՝ ում պատկանում է Շուշին, նրան էլ պատկանում է Արցախը։ Այնպես որ կարևորագույն հաղթանակի բերկրանքն այդ պահերին իհարկե ամենատպավորիչն էր, բայց բերկրանքին գումարվել էր նաև զինակից ընկերների կորստի ցավը, շուրջը մի տեսակ խառնաշփոթ էր, որից դեռ պետք էր գլուխ հանել:

Հրամանատարը հետո միայն պարզեց. տեղացի հայերն այսպիսի ավանդույթ ունեն՝ թուրքի հետևից այրում են նրանց տները, որպեսզի այլևս չվերադառնան։ Կոմանդոսը ստիպված էր ուժեր կենտրոնացնել ու պայքարել այդ հրդեհների դեմ նույնպես։ Այդ ամբողջ խառնաշփոթի մեջ հայ զինվորականը մի հոգս էլ ուներ՝հետևել, որպեսզի զգացմունքային պոռթկումների զոհ չդառնա Շուշիի ադրբեջնական մզկիթը։ «Չէ որ դա մշակույթային արժեք էր»,-ասում է Կոմանդոսը։

Շուշիի ազատագրումը հայոց բանակի կազմավորման առաջին փուլի խոշոր հաղթանակն էր, ինչի առիթով  1990-94 թվականներին Երկրապահ ջոկատների  շտաբի պետ, 92-2000 թվականներին պաշտպանության փոխնախարար, Մահապարտների գումարտակի հիմնադիր, գեներալ-մայոր  Աստվածատուր Պետրոսյանը  շնորհավորում է  հայ ազգին, իր մարտական ընկերներին՝ չմոռանալով նաև նրանց, ովքեր անմահացան այդ հաղթանակի ճանապարհին: Շուշիի ազատագրումից 26 տարի անց գեներալի  ուրախության ու հպարտության զգացումներին  ուղեկցում են նաև ցավոտ հիշողությունները։

Տարբեր հարթակներից ժամանակ առ ժամանակ հնչող ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու կոչերը Շուշին ազատագրած հերոսները  տարբեր երկրների քաղաքական առօրյայի մաս են որակում, գերտերությունների գործելաոճ, որը եղել է, կա ու կլինի: «Հայրենիքը չեն վերադարձնում»,- նման հայտատարություններին կարճ ու սպառիչ հակադարձում է գեներալ-մայոր Պետրոսյանը:

Back to top button