ԿարևորՔաղաքական

Քննարկվելու է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը (լրացվող)

Եզրափակիչ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ խմբակցություններին՝ արտահայտած տեսակետների եւ դիրքորոշումների համար։ Ուզում եմ նշել, որ պետք է փակենք ատելության էջը, հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Հանրապետության հրապարակը լռությամբ հետեւում է ելույթներին

***

Այսօրվանից Հայաստանում սկսվելու են անշրջելի փոփոխություններ։ Խմբակցությունների ելույթների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ է ունենում Արմեն Ռուստամյանը։ Այս ընտրությունը դարձել է ավելի հասունացած եւ անհրաժեշտ, նշեց Ռուստամյանը։ «Ծառուկյան» խմբակցության անունից խոսք ասաց Միքայել Մելքումյանը, ով վերահաստատեց խմբակցության մոտեցումը եւ նշեց, որ իրենց սպասում է տաժանակիր աշխատանք։ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահրամ Բաղդասարյանը։ Մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա, նշեց Վահրամ Բաղդասարյանը։ Նա շնորհավորեց Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ եւ կարդաց ելույթի տեքստը։ Աստված տա սխալվենք, ասաց Վահրամ Բաղդասարյանը եւ նշեց, որ այս անգամ ոչ թե չենք խոչընդոտի, այլ կօժանդակեն վարչապետի ընտրությանը՝ հույս ունենալով, որ երկրում կվերանա ատելության մթնոլորտը։ ՀՀԿ-ն դեմ է, բայց 10+1 ձայն կտա, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Հավելեց Վահրամ Բաղդասարյանը։

***

Ելույթների համար գրանցվեց 5 պատգամավոր։ Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ապա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը եւ «Ելք» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը։ Այժմ ելույթ է ունենում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եզրափակեց ելույթ ունեցողների շարքը։

***

Նիկոլ Փաշինյանին պատագամավորները հարցեր չտվեցին

***

Ազգային ժողովում է նաև SOAD մեներգիչ Սերժ Թանկյանը, որը նախօրեին ժամանել էր Երևան: Նա ևս հետևում է նիստին:

***

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու, և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, և վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, արմատախիլ է արվելու կոռուպցիան, և վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն, և վերջ: Այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների», իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ներքաղաքական կյանքում ավտոմատները պետք է լռեն հավիտյան և համախոհության առանցքը պետք է լինի ՀՀ շուրջ հայկական պետականության կայացումն ու հզորացումը»,-ասաց նա և հավելեց, որ հենց սա է լինելու ձևավորվող կառավարության գործառույթը՝ ձևավորել համերաշխության մթնոլորտ, իրավունքի շուրջ ազգային միասնություն։

Իր ելույթում խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ:

«Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ անդամ՝ ավելի ամուր դարձնելով գործակցությունը: ՌԴ հետ հարաբերությունների զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է: ՌԴ հետ ռազմական գործակցությունը դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն», — ասել է Փաշինյանը:

Նա հավելել է նաև, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵՏՄ անդամ, իսկ նոր կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերն այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

***

Պատգամավորները հարցեր չտվեցին Լենա Նազարյանին։ Ձայնը տրվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Նա իր ելույթը սկսեց Շուշիի ազատագրման տոնի առթիվ շնորհավորանքներով։

***


Մեկնարկել է Ազգային ժողովի հատուկ նիստը: Քննարկվելու է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը։ Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Գրանցվել է 102 պատգամավոր, քվորում կա։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց նիստն անցկացնել առանց ընդմիջումների, խորհրդարանը հավանություն տվեց առաջարկին: Արա Բաբլոյանը շնորհավորեց Շուշիի ազատագրամն 26-րդ տարեդարձը:

Վարչապետի թեկնածուին ներկայացնում է «Ելք» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը։

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Back to top button