ԿարևորՀասարակություն

«Դուխով» հեղափոխությունից թեւ առած խոսքերն ու կարգախոսները

Ինչպե՞ս կարգախոսներն ու վանկարկումները դարձան համահայաստանյան ցույցի հեղափոխական ելքը որոշող, դարձա՞ն արդյոք, ու քաղաքական ինչպիսի՞ գործոն են դրանք առհասարակ: Ո՞ր արտահայտությունները եկան ցույցերի ու հանրահավաքների հետ եւ մնացին հայերի առօրյա խոսակցականում:

Ո՞ր ձեւակերպումներով ու վանկարկումներով առանձնացավ համաշխարհային պատմության մեջ գրանցված ամենաանարյուն հեղափոխություններից մեկը:

Հայաստանի Հանրապետության պատմության նոր էջ բացելուց զատ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը փոխեց նաեւ առօրյա բառապաշարն ու միմյանց դիմելու ձեւերը: Հեղափոխությունը բերեց մի շարք արտահայտություններ, որոնք դարձան թեւավոր: Շարժումն սկսվեց հիմնական կարգախոսով, ապա ամեն քայլից, ամեն զարգացումից հետո նոր ձեւակերպումներ ստացավ: «Քայլ արա» ասացին ու շարժվեցին առաջ:

«Քայլ արա, Մերժիր Սերժին», «Զենքդ դիր, մերժիր Սերժին», «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», «Սուջուխ առ, մերժիր Սերժին»… «ՀՀԿ, հեռացիր»…

Իսկ երբ հայերենացված ռուսական բառը հնչեց, վանկարկվեց հազարավոր շուրթերից, դարձավ գլխարկների, շապիկների, զարդերի կարգախոս: «Դուխով»-ը դարձավ շարժման շարժիչ խոսքը, ոգի ու համարձակություն տվեց իրենց պայքարի համար փողոց դուրս եկած քաղաքացիներին:

«Դուխո՞վ եք: Դուխով…»


Փաշինյանին հետեւելով՝ ցույցերին ու հանրահավաքներին «Դուխով» կեպիավորներն իրենք էլ զարմացան իրենց մեծ բազմությունից: Զարմացան ու հիացան նաեւ, երբ բարեւներն ու ողջույնները նորացան, ու հայերը միմյանց սկսեցին դիմել հպարտության իրական շեշտեր կրող արտահայտությամբ:

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ…»:

«Հայաստանի հպարտ քաղաքացի»-ն էլ դարձավ թեւավոր արտահայտություն, դարձավ բարեւ: Փոխեց տրամադրությունը, տրամադրվածությունը երկրում ու ամբողջացավ, երբ Հայաստանի քաղաքացիները «երկիրը երկիր չէ» տարածված արտահայտությունը փոխարինեցին նորով՝ լավատեսականով:

«Մենք ենք տերը մեր երկրի»:

«Թավշյա, ոչ բռնի» ձեւակերպումը հեղափոխության բնորոշումից զատ դարձավ Հայաստանի քաղաքացու կոռեկտ պահվածք, երբ ցուցարար երիտասարդները ոչ միայն միահամուռ բարձրացնում էին զույգ ձեռքերը, այլեւ փշալարերի ու ոստիկանական պատերի առջև վանկարկում՝ ոստիկանը մերն է:

 

«Ոստիկան, միացիր»:

Հեղափոխական շարժման ընթացքում ծնվեցին ու ամենատարբեր շրջանակներ հասան արտահայտություններ, որոնք մեծերի շուրթերից տեղափոխվեցին երեխաներին, քաղաքականից դարձան սոցիալական ու հասարակական:

«Ազատ, անկախ ուսանող»:

Մայիսյան իրադարձություններին ավելացավ եւս մեկը, որին քաղաքացիներն այս անունը տվեցին:

«Հաղթանակ»: 

Ցույցի ողջ ընթացքում վանկարկվում էր լեգենդար դարձած «Հու»-ն, որ վիկինգների հետնորդ իսլանդացիները կատարում էին Եվրո-2016-ի՝ Իսլանդայի հավաքականի հանդիպումների ժամանակ: Հուժկու «հու»-երն ուղեկցվեցին մեր փողոցներում առաջին անգամ հնչող վուվուզելներով ու թմբուկներով: Սրանք էլ 2010-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավաֆրիկյան խորհրդանիշն էին։

Ինչպե՞ս կարգախոսներն ու վանկարկումները դարձան ցույցի ելքը որոշող, դարձա՞ն արդյոք, ու քաղաքական ինչպիսի՞ գործոն են դրանք առհասարակ: Զրուցակիցս պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Արման Եղիազարյանն է՝ վստահ՝ դրանց լավ ընտրությունը կարող է ազդել ողջ գործընթացի զարգացումների վրա ու ազդեց:

«Եթե մեր վերջին օրերի կարգախոսները դիտարկենք՝ դրանք լավագույնս ընտրված էին, շատ ռիթմիկ ու բավական հեշտ տիրապետելի՝ տարբեր տարիքային կազմերի ու հասարակության բոլոր խավերի համար: Կարգախոսները կարողացան դառնալ մեկ մարդու առաջին ընտրությունից՝ «Քայլ արա»-ից մինչեւ համայն հասարակության «Քայլ արա»-ի կարգավիճակի: Ստացվեց, որ մեկ անձի ընտրությունը դարձավ հասարակության ընտրություն»:

 

Հոգեբան Սամվել Խուդոյանը նկատել է՝ ժողովուրդը շատ արագ յուրացրեց այդ կարգախոսները:

«Բոլորն իրար արդեն ասում են՝ քայլ արա: Իմ տղան օրինակ՝ ասում է՝ քայլ արա, մի հատ խաչապուրի բեր»:

Այս անգամ էլ կարգախոսները աշխատեցին, քանի որ արտացոլում էին ժողովրդի խնդիրները, մերժում արմատացած համակարգային խնդիրները: Բայց հատուկ մտածված աշխատանք Սամվել Խուդոյանը չի տեսնում:

«Մտածել էին խմբով, տարբեր տարբերակներ էին առաջարկել: Բայց որ ասես հատուկ հզոր հոգեբանական աներ էին մտածել, չէ իհարկե»:

Թե ինչպես «քայլ արա»-ն քայլերի վերածվեց ու որտեղ կհասցնեն այդ քայլերը պատմությունը դեռ կհասցնի խոսել։

Ցուցադրել ավելի
Back to top button