Քաղաքական

Մթնոլորտը ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ

Վարչապետ ընտրվելու երկրորդ փորձին վարչապետի «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր եկել Սերժի հետ:

Աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը այսօր հենց խորհրդարանից շատ լարված հետեւում էր ՀՀ վարչապետի ընտրությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցությունից այսօր կեսօրին վերջին անգամ դուրս եկավ իբրեւ այդ պատգամավորական խմբակցության ղեկավար: Վերջին ձեռքսեղմումը «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ էր: Աշխարհահռչակ երգիչը եկել էր խորհրդարան՝ տեղում աջակցելու վարչապետի «ժողովրդի թեկնածուին»:

ԱԺ նիստերի դահլիճ հասնելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր հաղթահարել առաջինից երկրորդ հարկ տանող բազմաթիվ աստիճաններ, միջանցքներ եւ ճանապարհի տարբեր հատվածներում սպասող լրագրողներին: Անվտանգության աշխատակիցները անակնկալի գալով անգամ փորձեցին պաշտպանել վարչապետի թեկնածուին լրագրողներից, բայց ձեռքի երեւացող շարժումով նախկին լրագրողը հասկացնել տվեց՝ չի խուսափում  որեւէ շփումից եւ հարցից:

Զուգահեռ միջանցքով լրագրողների օթյակ տեղափոխվեց Սերժ Թանկյանը: Վերեւից էր հետեւում նիստին: 1 ժամ 40 րոպեն անցկացրեց օթյակի ամենավերջին աթոռին նստած՝ առանց որեւէ մեկի հետ շփվելու, նկարվելու եւ շեղվելու: Վարչապետի քվեարկության պահը նկարում էր իր հեռախոսով, հետո սկսվեցին շնորհավորանքներն ու գրկախառությունները:

«Ռադիոլուր»-ին հաջողվեց ֆիքսել աշխարհահռչակ երգչի առաջին տպավորությունները՝ խորհրդարանում վարչապետի ժողովրդի թեկնածուի ընտրությունից հետո: Նրա մոտ վստահությունն այնքան մեծ է ապագայի հանդեպ, որ անգամ պատրաստ է հաստատվել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանի ելույթից այլ տպավորություն է ստացել արդեն ընդդիմադիր դաշտ տեղափոխված Աժ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծրագրային դրույթներ վարչապետի թեկնածուի ելույթում չտեսավ: Ասում է՝ քննադատությունը ռեւանշիզմի դրսեւորվում չէ:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանին այսօր դժվար էր դուրս գալ խորհրդարանի շենքից: Լրագրողները շատ հարցեր ունեին: Աշխատելու է վարչապետի նստավայրում, բայց որտեղ է բնակվելու՝ դեռ պարզ չէ: Արդյո՞ք պատրաստվում է տեղափոխվել կառավարական առանձնատուն՝ սա դեռ քննարկումների հարց է: Համաժողովրդական շարժման արդյունքում երկրի ղեկին հասնելու փաստը եւ պատասխանատվությունը չի վախեցնում նորընտիր վարչապետին:

Փաշինյանն ասում է, որ չի պատրաստվում լինել սուպերվարչապետ, բայց դեռ չգիտի, թե առաջինն իր որ լիազորությունից կհրաժարվի։ Կառավարության նորընտիր ղեկավարին չի վախեցնում նաեւ խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնության հետ ապագա աշխատանքը: Դեռեւս մտավախություններ չկան, որ հանրապետական խորհրդարանական մեծամասնությունը Աժ-ում կտապալի նորընտիր կառավարության նախաձեռնությունները:

Նորընտիր վարչապետը չի շտապում անձերով խոսել իր կաբինետի մասին: Ով որտեղ է մնալու կամ գնալու, ինչ նոր փոփոխություններ են լինելու. ասում է այս ամենը դեռ չի քննարկվել: Առաջին այցը, որ կատարելու է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետությունն է: Այնտեղ լինելու է վաղը:

Back to top button