Հասարակություն

ՀՀ 2 քաղաքացի «Հայփոստ»-ով թմրամիջոցներ են ներկրել

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետա­կան եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատա­կից­նե­րի կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացա­հայտ­վել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ հա­մա­ցան­ցի միջոցով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության նոր եղանակ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2018 թվակա­նի ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխա­նակ­ման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի անվամբ ուղարկ­ված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 590 գրամ հաշիշ և 20 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցներ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմի մանրամասները և դրանում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց արդյունքում 2018 թվականի մայիսի 5-ին ծանրոցը փոստային բաժան­մունքից ստանալուց անմիջապես հետո դրա հասցեատեր Ա.Թ-ն և վերջինիս ընկեր Հ.Ե -ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրակա­նացված լայնածավալ քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ևս ներդրվել է վերջին ժա­մա­­նակահատվածում այլ պետություններում հաճախ կիրառվող՝ համացանցի միջոցով թմրա­­միջոցների պատվիրման և առաքման նոր եղանակ։

Այսպես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տար­բեր քաղաքացիներից առցանց ըն­դուն­վել են թմրա­միջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի մի­ջո­ցով։ Այնու­հետև նույն օգտատերը թմրամիջոցների մաքսանենգությամբ և դրանց իրացմամբ զբաղ­վե­լու շուրջ իր հետ համագործակցելու համաձայնություն տված ՀՀ առանձին քա­ղա­քա­ցի­նե­րի անվամբ փոստային ծառայության միջոցով ուղարկել են մեծ խմբաքանակներով թմրա­մի­ջոց­­ներ, որոնք բաժանվել են փոքր չափա­բա­­ժին­ների և գնորդ­ներին փո­խանցելու համար թողնվել որոշակի վայրերում։ Հիշյալ գործընթացների կատարման փաս­տը հավաստող տեսագրությունները, ինչպես նաև թմրամիջոցները թաքցնելու կոնկրետ վայրերի լուսանկար­ներն առցանց ուղարկվել են արտերկրում բնակվող անձին, ով ՀՀ-ում գտնվող իր են­թադրյալ հանցակիցներին էլեկտրոնային դրամապանակի միջոցով փոխանցել է համապատասխան միջնորդավճարներ, իսկ թմրամիջոցների գնորդներին համացանցով իրազեկել է դրանց թաքս­տոց­նե­րի տեղա­կայ­ման վայրերի մասին։

Քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հուն­վար-ապրիլ ամիսների ընթացքում Հ.Ե-ն և Ա.Թ-ն վերոհիշյալ եղանակով ստացել են հաշիշ, մարիխուանա,  կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնց զգալի մասն իրացրել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող  շենքերի շքամուտ­քե­րում և այլ հատվածներում նախապես ընտրված թաքստոցներում տեղադրելու միջոցով։ Միայն 2018 թվականի մայիսի 4-ին, այսինքն՝ բռնվելուց մեկ օր առաջ, վերը նկարագրված եղանակով  30 թաքստոցներում պահել են գնորդների համար նախատեսված թմրամիջոցներով փաթեթներ, որոնցից 13-ը ՀՀ ԱԱԾ աշ­խա­տակիցների կողմից արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են։

Հ.Ե-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մա­սի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խո­շոր  չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կե­­տով (մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցանքներ կատարելու կասկա­ծանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքին առնչակից բոլոր անձանց բացահայտելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Back to top button