Տնտեսական

Փաշինյանի կաբինետը պետք է ընտրի անցյալի սխալները խմբագրելու ճանապարհը. տնտեսագետ


Հարկային եկամուտների ավելացում՝ ստվերի կրճատման հաշվին: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նոր ձևավորվելիք կառավարության այս քաղաքականությունն  է կարևորում:

Միաժամանակ նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի՝  վարչապետը ընտրվելու դեպքում կառավարությունը ձեւավորելու է քաղաքական փոքրամասնությունը եւ գործադիրի նախաձեռնությունները  կարող են  բախվել ՀՀԿ պատգամավորների բացասական գնահատականին: Դե իսկ այս պահին դեռ իշխանություն համարվող ՀՀԿ-ի ձևավորած կառավարության ներկայացուցիչներն  այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց կատարած աշխատանքներն են  ներկայացրել:

Ինչու՞  են  հենց  այս պահին  Կարեն Կարապետյանի կառավարության անդամները ցուցանիշեր ներկայացնում եւ արդյո՞ք արվածը առավելագույնն էր:

Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներն այսօր անուղղակի ամփոփում էին այս տարվա անցած ամիսների ցուցանիշերն ու համեմատում նախորդ տարիների հետ: Գերատեսչությունների ֆեյսբուքյան էջերում պարբերաբար տեղեկատվություն էր տեղադրվում այս տարվա անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նմանատիպ մի քանի  գրառումներ  էլ անձամբ վարչապետի պաշտոնակատարն էր տեղադրել: Օրինակ՝  2018 թ․ առաջին չորս ամիսներին, 2017 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային եկամուտների 15 տոկոս աճ է գրանցվել: Մաքսային գանձումներն ավելացել են մոտ 13, ներմուծումը՝ 43, արտահանումը՝  մոտ 30 տոկոսով:

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի  նախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ վիճակագրությունն  ավելի մանրամասն ու որակյալ վերլուծելու համար ամփոփ տվյալներ են պետք: Դրանք  այս պահին բացակայում են: Այդուհանդերձ, տնտեսագետը նշում է՝  ֆորմալ առումով  հարկային եկամուտների  աճ  կարող է լինել, սակայն տնտեսական զարգացում՝ ոչ:

«Օրինակ, պղնձի գները կարող են բարձրանալ,  ֆորմալ առումով ունենաս հարկային եկամուտների աճ,  բայց դա չի նշանակում, որ ունես արդյունավետության որևէ բարձրացում»:

Մանուկյանը հիշեցնում է՝ 2018թ հունվարի մեկից շրջանառության մեջ դրվեց ՀՕ-ը, որը բավականին հարկային ծանրաբեռնվածություն էր բիզնեսի համար, ուստի և չի բացառվում, որ հարկային եկամուտների ավելացումը սրանով է  պայմանավորված։

«Ինչը կարող էր որոշակի ժամանակահատվածում բերել նաև հարկային եկամուտների աճի, սակայն, հարկային եկամուտների արդյունավետության աճի մասով, համեյանդեպս հրապարակված թվերը դրա պատասխանը չեն տալիս»:

Գրեթե բոլոր գերատեսչություններն այս պահին են հրապարակում ցուցանիշերը, որպեսզի դրական ֆոն հաղորդեն՝ ասում է տնտեսագետը:

Մանուկյանը անուրանալի է  համարում  2016-ի համեմատ 2017-ի դրական միտումները: Միաժամանակ մեկ անգամ ևս  բարձրաձայնում է՝ խնդիրը  տնտեսական հարթությունում  չի, հիշեցնում է ոչ հավասարաչափ բաշխված եկամուտների  և տնտեսության բարձր  կենտրոնացվածության մասին:

«Այդ բարիքները պայմանավորված են կոնկրետ օրինակ ՌԴ-ում համեմատաբար ավելի կայուն վիճակով, որոշակի խումբ արտահանողների ավելի բարեկեցիկ պայմաններով: Սակայն դրանք ամբողջական հասարակության համար հավասարաչափ աճի չեն բերում»:

Արտակ Մանուկյանը կարծում է, որ հասարակության ակնկալիքները չափազանցված են: Սա մի կողմից լավ է, համակարգային բարեփոխումներն  արագություն կունենան, մյուս կողմից էլ՝  պարտավորեցնող են: Տնտեսագիտորեն է բնութագրում՝  առկա է  սոցիալական կապիտալի բավականաչափ աճ, սա վստահությունն է, և համագործակցության պատրաստակամությունը:

«Հարկային եկամուտների ավելացում, մասնավորապես՝  ստվերը տեսնելը և հարկելը: Սա լակմուսի թուղթն է, որ կառավարությունը կարող է անել: Այստեղ, սակայն, մի օբյեկտիվ խոչընդոտ էլ կա, հասկանալի է, որ եթե վաղը վարչապետը ընտրվի, ունենալու է  քաղաքական փոքրամասնություն, և կամայական նմանատիպ նախաձեռնություն կարող է բախվել  ՀՀԿ պատգամավորների դեմ քվեարկությանը»:

ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ նոր ձևավորվող կառավարությունը պետք է առաջ գնա անցյալի սխալները ճշգրտելու ճանապարհով: Ոգևորությունը շատ արագ կմարի, եթե էական շտկումներ չլինեն, փոփոխությունները պետք է արմատական լինեն՝ ասում է:

Տնտեսական քաղաքականությունը արմատապես չփոխելու դեպքում նորից նույնն է լինելու: Գործնականում անհնար է, որ  յուրաքանչյուրն իր բինզնեսն  ունենա՝ ասում է  Սաֆարյանը: Նա  խոշոր արդյունաբերական համալիրների ստեղծման  անհրաժեշտություն է տեսնում:

Ըստ Սաֆարյանի, նոր կառավարության կազմում պետք է կյանքի ու աշխատանքի  փորձ ունեցողներ ներգրավվեն, որոնք կարող են ոչ թե տնտեսագիտական այս կամ այն երկրի փորձից, այլ արտադրական պահանջներից ելնելով քաղաքականություն վարել։

Back to top button