ԿարևորՔաղաքական

Արտահերթ ընտրությունների սահմանադրական ճանապարհը

Քաղաքական բոլոր ուժերը խոսում են արտահերթ ընտրությունների  մասին, բայց տարբեր մոտեցումներ ունեն դրանց անցկացման  ժամկետների վերաբերյալ:  Մինչ այժմ շրջանառված ամենամոտ ժամկետը 2 ամիսն է, ամենահեռուն՝  մեկ տարին:

Քաղաքական ուժերն ասում են, որ ժամկետները կորոշեն քննարկումների արդյունքում: Խնդիրը սակայն ոչ միայն քաղաքական որոշումներն են, այլ նաև իրավական ճանապարհները: Որոնք են արտահերթ ընտրություններ տանող սահմանադրական ուղիները և որքանով են համահունչ քաղաքական ցանկություններին:

Եթե փորձենք հիշել, թե մինչև այս պահը քաղաքական ուժերն ինչ են ասել արտահերթ ընտրությունների մասին, ոչ միանշանակ պատկեր կստանանք: Հիմնական մասը չի հերքել , որ իրավիճակի լիարժեք հանգուցալուծումը  արտահերթ ընտրություններն են:

Առաջինն այս մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը:  Հանրահավաքների ժամանակ նրա  առաջարկած ճանապարհային քարտեզն այսպիսին էր՝ վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրություն,  ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ ընտրությունների անցկացում:  Նիկոլ Փաշինյանը այս տարբերակը պատկերացնում էր հետևյալ սցենարով՝  կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը  քաղաքական  համաձայնությամբ: Այդ պայմաններում Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Sա տարբերակներից մեկն է ՝ խորհրդարանում ասում էր Փաշինյանը:

Այս փուլում Ծառուկյան դաշինքը հայտարարում է, որ եթե հենց հիմա էլ արտահերթ ընտրություններ կազմակերպվեն, իրենք պատրաստ են, բայց նաև կարծում են, որ լիրաժեք ընտրություններ ունենալու համար նախապատրաստվել է պետք:

Մասնավորապես կարևոր է Ընտրական օերնսգրքի բարեփոխումը, հատկապես ռեյտինգայինից հրաժարվելը՝ ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Արմեն Ռուստամյանն ասում է ՝ շուտափույթ ընտրությունները ձեռնտու չեն իշխող կուսակցությանը, բայց նաև չի նշում, թե որն է ՀՅԴ-ի համար ընդունելի ժամկետը: Եթե ուզում ենք վստահելի և ոչ շըթ-թըփ ընտրություններ ունենալ, ապա լրջորեն նախապատրաստվել է պետք: Որ միայն օրենսդրական փոփոխություններով, այլ նաև հավասրա պայմաններ ապահովելու համար ՝ ասում է Արմեն Ռուստամյանը:

Եվ վերջապես Հանրապետական կուսակցության մոտեցումը ներկայացնելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպիսի դիտարկում է անում ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ:

Իսկ ինչ է ասում Սահմանադրությունը, որոնք են արտահերթ ընտրություններ տանող սահմանադրական ուղիները: Մայր օրենքը իրավունքի ուժով խորհրդարանի լուծարման 2 ճանապարհ է նշում:  Եթե օրենսդիր մարմինը 2 անգամ վարչապետ չի ընտրում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե վաղը վարչապետ չընտրվի, կգործի այս սցենարը:

Եթե ընտրվի, ուժի մեջ կմնա ԱԺ լուծարման երկրորդ հնարավորությունը: Այն առնչվում է կառավարության ծրագրին: Ըստ Սահմանադրության 151-րդ հոդվածի՝ եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա գործի է դրվում նորից վարչապետ ընտրելու մեխանիզմը: 2 փորձի հնարավորությունը սպառելուց հետո նոր վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով:

Արդյոք չի ստացվում է, որ եթե կառավարության ծրագիրը հաստատվի, ապա ԱԺ-ն լուծարելու սահմանադրական հիմքերը կսպառվեն: Հարցին պատասխանելով, Նիկոլ Փաշինյանը մեկ հստակ ամրագրում է անում՝ արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են, երբ-ն ու ինչպես-ը մայսիս 8-ի քվեարկությունից հետո քննարկելիք հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button