Հասարակություն

Ինչու են շատացել մլակները


Ինչու՞ են Երևանում վերջին շրջանում շատացել մլակները, իսկ ծառերը լվիճապատ են դարձել: Քաղաքային իշխանությո՞ւնն է անգործ, թ՞ե բնակլիմայական փոփոխություններն են նպաստում:

 

Երևանցիները փաստում են, որ վերջին շրջանում շատացել են մլակները, իսկ ծառերի տակ նստել չի լինում. ամենուր լվիճներ են:

Ո՞րն է պատճառը, որ մայրաքաղաքն այս պատկերն ունի: Բնապահպան Սիլվա Ադամյանի դիտարկմամբ՝ մլակների շատացմանը նպաստում են կլիմայական փոփոխությունները, օրինակ եղանակի արագ տաքացումը կամ թռչունների միգրացիան:

«Թռչունների միգրացիայի հետ մլակներով և փոքր միջատներով սնվում են մանգաղաթևերը: Այս թռչնատեսակն էլ ուշ է վերադառնում և այս տարի էլ գարունը շուտ է եկել»:

Այն թռչնատեսակները, որոնք սնվում են մլակներով, դրանց թիվը նվազել է, ինչը պայմանավորված է մայրաքաղաքում կանաչ տարածքների կրճատմամբ։

Իսկ մյուս բնապահպան զրուցակցիս՝ Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով՝ եղանակային փոփոխությունների արդյունքում ծառերը պետք է ժամանակ առ ժամանակ սրսկվեն:

«Քանի գնա՝ կշատանան, որովհետև եղանակը տաք ու խոնավ է: Մի կողմից սունկն է աճում, մի  կողմից խոտը, մյուս կողմից էլ մլակները: Հարկավոր է հետևել»:  

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն էլ պնդեց, որ արդեն մեկ ամիս է բոլոր վարչական շրջաններում  ծառերի բուժման  աշխատանքները սկսել են: Արդյունքները, սակայն, տեսանելի կլինեն, եթե քաղաքացիներն էլ  համագործակցեն:

«Բայց արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ որ ոչ միայն ընդհանուր օգտագործման տարածքներում  եղած ծառերը բուժման ենթարկվեն, այլև անհատական սեկտորը  բուժի իր բակի ծառերը: Հակառակ դեպքում՝ բուժված ծառերը նորից վարակվում են»:  

Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ աշխատանքներն սկսվել են ժամանակին, քաղաքացիների ահազանգը, թե բուժման աշխատանքներն ուշացել են, չի համապատասխանում իրականությանը:

Back to top button