Քաղաքական

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է շուտ անցկացնել. քաղաքագետ

Երեւանյան մամուլի ակումբներում այսօր քննարկվել է վարչապետի ընտրությունից առաջ ստեղծված ներկայիս իրավիճակը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, օրինակ, վաղը խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանն ընդառաջ՝ հուսով է,  որ ՀՀԿ-ի պատգամավորները հասկացել են իրավիճակի լրջությունը, մայիսի 2-ի ընդվզումից դասեր քաղել են:

Փաստաբան Գեւորգ Դավթյանն էլ կարծում են, որ մայիսի 8-ը վճռորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի ապագայի համար, քանի որ որոշվելու է, այսպես ասած, փոքրամասնության կառավարության ձեւավորման կամ չձեւավորման հարցը:

 

Ներկայումս մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ որ, վերջիվերջո, ամեն ինչի հենքը մենք տեսնում ենք իրավական դաշտում՝ նկատեց փաստաբան Գեւորգ Դավթյանը: Նա կարծում է, որ քայլերը, նաեւ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է համապատասխանեցվեն իրավական դաշտին: Վաղն էլ, այդ առումով, հենց Սահմանադրությամբ նախատեսված այն օրն է, երբ պետք է ընտրվի երկրի վարչապետը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ եթե վաղը ՀՀԿ-ն չքվեարկի, բոյկոտի, ապա՝  կճանաչվի օրենքից դուրս եւ դրանով նա դուրս կգա ժողովրդի դեմ ու այդտեղ ոչ ոք իրենց չի փրկի:

«Եթե ՀՀԿ-ն վաղը քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որպես քաղաքական ուժ`շանս կունենա քաղաքական ասպարեզում մնալ»:

Փաստաբան Գեւորգ Դավթյանի կարծիքով՝ ըմբոստացած ժողովուրդը համակարգային փոփոխություններ է ցանկանում արդարացիորեն եւ դրանք պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը: Ի՞նչ կլինի հետո, ըստ փաստաբանի, մի քանի ճանապարհներ կան՝ իրավական տեսանկյունից:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այսօր շատ դժվար է կռահել հետագա բոլոր վերադասավորումները:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է արագ անցկացվեն, քանի որ այս վերելքի ժամանակ մարդիկ ակտիվ են եւ սպասելիքները այլ, ու անգամ մարդիկ, ովքեր նախկինում հակված էին փող վերցնել, հիմա չեն վերցնի՝ համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Ստացվում է, որ մենք կունենանք բավականին հետաքրքիր զարգացումներ եւ շատ բան կախված է, թե որքանով շուտ կլինեն ընտրությունները եւ երկրորդը՝ ինչպես է պահելու իրեն Հանրապետական կուսակցությունը վաղը՝ եզրափակեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button