ԿարևորՔաղաքական

Որտե՞ղ փնտրել ռուս «քաղաքագետների» հիսթերիայի պատճառները

Ինչո՞ւ է հեղափոխության հայաստանյան մոդելը ռուսական իշխանամետ քաղաքագետների շրջանում մտահոգություն հարուցում:

Արդյո՞ք Հայաստանն այսպիսով դարձավ ներքաղաքական գործոն Ռուսաստանի համար: Ի վերջո՝ ի՞նչ անուն տալ որոշ ռուս քաղաքագետների ոչ ադեկվատ հայտարարություններին՝ կապված ներհայաստանյան իրադարձությունների հետ:

«Ռադիոլուրը» փնտրել է այս հարցերի պատասխաններն ու ռուս քաղաքագիտական շրջանակներից ստացել տրամաբանական պատասխան՝ Բաքուն ռուս քաղաքագետների շրջանում ունի իր գործակալներն ու խթանում է նրանց նման պահվածքը:

Իսկ եթերում հակահայկական հայտարարություն անողներից մեկն էլ ոչ ավելի, ոչ պակաս՝ հարբած է եղել:

Երբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած ցույցերի ընթացքում ռուսական քաղաքներում ցուցարարները սկսեցին վանկարկել «Ցանկանում ենք, ինչպես Հայաստանում», իրադարձություններին տրվող գնահատականները զգալիորեն փոխվեցին:

Հայաստանի օրինակը, փաստորեն, սկսեց դիտարկվել Ռուսաստանում իշխանափոխության մոդել: Սա արդյո՞ք հիմք է կարծելու, որ Հայաստանը Ռուսաստանի համար ներքաղաքական գործոն է դարձել՝ հարց ենք ուղղում ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովին: Զրուցակիցս  ճիշտ չի համարում Հայաստանում եւ Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները միմյանց հետ համեմատել. տարբեր սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգեր են, մարդկանց տարբեր մտածողություն եւ ընդդիմանալու տարբեր ավանդույթներ՝ ասում է ու շեշտում՝

«Ավելի շուտ կարող ենք ասել, որ այս հեղափոխությունը Հայաստանի համար դարձավ բրենդ: Կարող ենք ավելի շուտ խոսել մշակութային, ոչ թե քաղաքական ֆենոմենի մասին: «Ուզում ենք Հայաստանի պես» արտահայտության տակ կարող ենք, ինչու չէ, հասկանալ նաեւ առավել ազատ քաղաքական մտածողության կուլտուրա ցանկանալը: Ավելի խորը քաղաքական համատեքստ չենք տեսնում: Սա ավելի շատ էմոցիոնալ դրսեւորում է, հատկապես, որ մեր երկրում եւս ցուցարարները հիմնականում երիտասարդներ են»:

Հայաստանի դեպքում հույսի հեղափոխություն էր՝ ասում է ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը: Իսկ Ռուսաստանը կարիք ունի խորհրդային անցյալից ձերբազատվելու հեղափոխության: Իրավիճակները տարբեր են, ուստի հայաստանյան իրադարձությունների հայելային արտացոլումը Ռուսաստանում դժվար թե հնարավոր է: Հարկ է այս ամենին ավելի հանգիստ նայել՝ կարծում է: Իսկ որ այս զարգացումներին հանգիստ չեն վերաբերում որոշ ադրբեջանամետ ռուս քաղաքագետներ՝ դա էլ իր պատճառներն ունի՝ ասում է: Այն հիսթերիկ, անհավասարակշիռ արտահայտությունները, որոնք այս օրերին հնչեցին որոշ շրջանակներում, Դվորնիկովը բացատրում է այսպես՝

«Մի դեպքում խոսողի մոտ ալկոհոլի ազդեցությունը թաքցնելն էր անհնար, ինչը մեծ սկանդալ առաջացրեց: Ոմանք էլ արտահայտում են Ադրբեջանի տեսակետն ու դրա դիմաց փոխհատուցվում, չգիտեմ՝ կոնկրետ ինչի տեսքով, բայց դա հաստատ խթանում է նրանց նման դրսեւորումները: Իսկ հիմա Բաքվի համար հարմար պահ է՝ իր «գործակալներին խթանելու»: Հայաստանը պետք է իր քաղաքագետների բլոկը զարգացնի, որոնք ճշմարտությունը կհասցնեն տեղ»: 

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ մեկտեղ Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներում ակտիվ քննարկումներ էին ընթանում՝ հասկանալու՝ ինչ է կատարվում այստեղ։ Երբեմն դրանք դժվար է քաղաքագիտական անվանել։ Մասնավորապես, մեծ աղմուկ հանեցին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում քաղաքագետ ներկայացող Միխայիլ Լեոնտեւի ու Միխայիլ Յուրեւի հայտարարությունները։ Առաջինը, ի դեպ, հարբած էր, ինչպես հաճախ է լինում՝ փաստեցին լրատվամիջոցները:

Այս մարդիկ իրենց թույլ տվեցին հայերի հանդեպ ազգային թշնամանք սերմանող ու ազգային արժանապատվությունը նվաստացնող անհավասարակշիռ հայտարարություններ: «Նրանք ոչ միայն վիրավորում են հայ հասարակայնությանը, այլեւ հայերի հանդեպ անհանդուրժողականություն են սերմանում»,- այս տեքստով հայտարարություն տարածեցին Ռուսաստանի որոշ հայկական կազմակերպություններ՝ ոչ կոռեկտ պահվածք դրսեւորած անձանց պատասխանատվության կանչելու ստորագրահավաք սկսելով: Նրանք հանրորեն պետք է ներողություն խնդրեն՝ պահանջում են: PR մասնագետ Նվարդ Մելքոնյանը վստահ է՝ այս պայքարը պետք է ավարտին հասցնել:

 

Այսպիսի մարդիկ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են հրահրում, սա է նպատակը՝ կարծում է Նվարդ Մելքոնյանը: Սա նորություն չէ՝ ասում է ու հիշեցնում՝ նույն դրսեւորումները կային նաեւ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում:

Մենք սրան պետք է լինենք պատրաստ ու տանք համարժեք պատասխան՝ միաժամանակ մեծ արժեք չվերագրելով այսպիսի երեւույթներին՝ ամփոփում է զրուցակիցս:

Back to top button