Հասարակություն

Գինու օրեր՝ Երեւանում


«Երեւանի գինու օրեր»-ի անցկացումը նախատեսված էր մայիսի 4-5-ը: Սակայն հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ երկրում ստեղծված իրավիճակը, «Երեւանի գինու օրեր» միջոցառման կազմակերպիչները հետաձգել  են: 

Այն այս տարի տեղի կունենա մայիսի 11-ն և 12-ին:

Նպատակն է զարգացնել և հանրահռչակել հայկական գինին և գինեգործական հնագույն ավանդույթները: Հանդես կգան Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները, ներկայացնելով գինու ավելի քան 200 տեսակ:

Երևանի կենտրոնի ամենագողտրիկ  անկյուններից մեկում՝ Սարյան փողոցում այս օրերին եւ մինչեւ աշուն կարելի է տեսնել մարդկանց, այդ թվում զբոաշրջիկներին մի գավաթ գինի, գարեջուր կամ սուրճ վայելելիս։ Բայց մայիսի 11 ին եւ 12- ին այստեղ ավելի աղմկոտ, ավելի մարդաշատ կլինի։ Տեղի կունենան արդեն ավանդական «Երեւանի գինու օրերը»։

Գինու երեւանյան այս փառատոնի նպատակը եւս նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը՝ ասում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Երևանի գինու օրերին» այս տարի կներկայացվի ավելի քան 200 տեսակի գինի: Միջոցառումը, ի դեպ, այս տարի նվիրված է արդեն  2800-ամյա գինու մշակույթ և ապրելակերպ ունեցող Երևանին, ուստի այն շատ սպասված է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նկատում է քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային միջոցառումների միջոցով այս օրը ՀՀ քաղաքացիների և հյուրերի համար կդառնա հիշարժան: Գինին խմելը պետք է դառնա ապրելակերպը, այլ ոչ թե սովորություն, մենք մեր սպառողների մոտ պետք է սերմանենք գինու մշակույթը, ընդգծում է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն  Նունե Մանուկյանը: Արդյո՞ք ներքաղաքական իրադարձությունները չեն ազդել այցելուների թվի վրա: Նունե Մանուկյանը խոստովանում է, եղել են նաև հրաժարվողներ:

Ի վերջո քանիսը կմասնակցեն միջոցառմանը, քանիսը կչեղարկեն իրենց մասնակցությունը, քանիսը նոր կմիանան, պարզ կլինի մի քանի օրից։ Ամեն դեպքում կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր միջոցառում: Նրանք վստահ են՝ «Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինագործներին, ռեստորաններին և  այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ հայ և արտասահմանցի այցելուներին ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:

Back to top button