Հասարակություն

Որքանո՞վ է ոստիկանությունը գործել օրենքի սահմաններում


Այս պահին ոստիկանության գործողությունները՝ կապված վերջին շրջանի իրադարձությունների հետ, շատ դժվար է գնահատել դրական կամ բացասական: Այս կարծիքն է այսօր հայտնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա անդրադարձել է վերջին օրերի խաղաղ քաղաքացիական անհնազանդության ընթացքում կատարված հակաօրինական գործողություններին, խոսել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից իրականացված բռնության դեպքերի մասին՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ոստիկանությունը գործել օրենքի սահմաններում եւ ի՞նչ միջոցներ են կիրառվել դեպքերի բացահայտման համար:  

Սպառիչ գնահատական, առայժմ, դժվար է տալ: Ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ըստ նրա՝ հույզերն առայժմ բավականին շատ են ու տարբեր մարդիկ կարող են ունենալ պահից բխող բացարձակ տարբեր կարծիքներ՝ ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ սկզբում ցուցարարներն ամեն ինչ ճիշտ էին անում՝ ամեն ինչ խաղաղ, ապա պետք է հանգենք այն մտքին, որ ոստիկանությունը, առհասարակ, ոչինչ չպետք է աներ եւ պարզապես քաշվեր մի կողմ: Սակայն, փաստաբանի խոսքով, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դա հնարավոր չէր: Հետեւաբար, պետք է այս դեպքում դիտարկել տվյալ պահին տրված հրամանների եւ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցը՝ ասաց Տիգրան Աթանեսյանը:

Ըստ փաստաբանի՝ թվում է, թե քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները պետք է լինեն ապօրինի, սակայն, դա այդպես չէ, քանի որ, եթե ոստիկանության աշխատակիցն օպերատիվ աշխատող է, ապա նա կարող է լինել քաղաքացիական հագուստով: Այլ բան է, որ իր պատկերացմամբ խախտումը կանխելիս, ոստիկանը պետք է ներկայանա՝ ասաց փաստաբանը: Սակայն, ըստ նրա, եթե կա ծայրահեղ իրավիճակ եւ ոստիկանը չի ներկայանում, ապա դա էլ, ըստ փաստաբանի, կարելի է արդարացնել, բայց հետո այդ իրավիճակը պետք է գնահատվի, թե՝ արդյո՞ք իրավիճակն այդպիսին է եղել: Տիգրան Աթանեսյանը նկատեց, որ մեր քաղաքացիները վիրավորված էին, երբ հայտնվում էին անձիք ու գործողություններ կատարում՝ առանց ներկայանալու կամ բացատրելու:

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր տեղեկություններով այն տեսանյութը, որը հայտնի է համացանցում, անձը, որը անչափահասին նստեցնում է մեքենա, ընդհանրապես ոստիկան չի եղել եւ որեւէ առնչություն չունի ոստիկանության հետ: Հետեւաբար, եթե այդ անչափահասի ծնողները դիմեն ոստիկանություն, ապա այդ եւ նման մյուս դեպքերում, մասնակից անձիք կարող են ենթարկվել պատասխանատվության՝ եզրափակեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Շոշափված խնդիրների ու հարցերի հետ կապված մենք պարզաբանումներ ու մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ Հայաստանի ոստիկանությունից: Այստեղից խոստացան՝ գրավոր հարցումների պարագայում պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում: «Ռադիոլուր»-ը ձեւակերպված հարցումներն ուղարկել է ոստիկանություն: Ոստիկանության պարզաբանումներն ստանալուն պես դրանք կներկայացնի ունկնդիրներին:

Back to top button