Հասարակություն

HSBC-ի վրա հարձակումը կասեցնողները մեդալներ են ստացել

Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման կասեցման մասնակիցները պարգևատրվել են մեդալներով: Հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս զոհվել է Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը: Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահուպարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է նաև «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, որին հրազենային վնասվածք էր պատճառել հանցագործը։

Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Ոստիկանությունը կարևորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը:

Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցածքաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Ցուցադրել ավելի
Back to top button