Տնտեսական

Այս կառավարությունը պետք է առաջ գնա ոչ ավանդական ծրագրով. տնտեսագետ

Տնտեսագետները կարևորում են նոր կառավարության  տնտեսական քաղաքականությունը: Նրանք նաև կարճաժամկետ հատվածում հաջողություններ գրանցելու քայլերն են մատնանշում:

«Խաղի կանոնների հստակեցում, հավասար պայմանների ստեղծում բոլորի համար»,- սրանք պետք է լինեն նոր կառավարության առաջին քայլերը՝ ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի: Նա նաև, այսպես ասենք, դեղատոմսն է առաջարկում.

«Տալ որոշակի ժամկետ, օրինակ, երեք ամիս, որպեսզի բոլոր տնտեսվարողները, ովքեր ինչ-որ ձև թերհայտարարագրում են  արել ՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, փորձեն  վերանայել իրենց մոտեցումները, դրա համար ժամանակ տալ: Բիզնես սուբյեկտները ևս կարողանան մրցակցել գերիշխող դիրք ունեցողների հետ»:

Երկրորդ քայլով արդեն տնտեսագետը բիզնեսին տրվող արտոնությունների դաշտի խստացում է ակնկալում: Կառավարության գրեթե ամեն նիստի ընթացքում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը նախագծեր է ներկայացնում, որով այս կամ այն ընկերությանը հարկային արտոնություններ են տրամադրվում:

Կառավարության վերջին նիստում մի այդպիսի արտոնություն տրամադրվեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը։ Ըստ որոշ հրապարակումների՝ այս ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերն ու Լիբանանի  էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարարի որդիներին: Կառավարությունում վստահեցնում են՝ մանրամասն  քննարկում են հարկային արտոնությունների բոլոր հայտերը:

Մանրամասն, թե՝ ոչ, փաստ է, որ տարեկան, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, 300 մլրդ դրամ գումար բյուջեի մուտքի չի գործում:  Նա էլ է նշում ՝ հայտերում պատահական անուններ չեն լինում: Դրանց մեծ մասը քաղաքական կամ քրեաօլիգարխիկ համակարգի հետ կապ  ունեցողներն  են: Զրուցակիցս հանրությանը հաշվետու լինելու ինստիտուտի ներդրումն  է կարևորում.

«Սա էլ այն կարճաժամկետ  հնարավորությունն է, որը կապացուցի՝ իրո՞ք նոր գործող կառավարությունն ունի այն քաղաքական կամքը՝ տեսնելու այն հնարավոր  անարդյունավետությունը, որոնք եղել են տարիներ շարունակ, թե՞ ոչ»:

Քաղաքական կամքը անհրաժեշտ է նաև մենաշնորհների դեմ պայքարում, ինչի մասին խոսել ու խոսում են բոլոր կառավարությունները՝ հիշեցնում եմ Արտակ Մանուկյանին: Ասում է՝ ի տարբերություն մյուս կառավարությունների, ներկա պահին ծավալվող շարժումը, որն ունի նաև վարչապետի թեկնածու, ունի լեգիտիմություն՝ եւ այս առումով նրա համար խոչընդոտ չեն կարող լինել օլիգարխիկ  համակարգի հետ կապերը, քանի որ դրանք չկան:

Պայքար ստվերի դեմ՝ հաջորդ  քայլը՝ ըստ մասնագետի: Մոտ  11,5 մլրդ  դոլար  ՀՆԱ-ի մեջ շուրջ  22 տոկոսը ստվերն է՝ ասում է։ Եթե գումարները հարկային դաշտ բերվեն՝ բյուջեի եկամուտները մոտ 2,8 մլրդ դոլարով կավելանան:

Օրակարգում առանցքային  պետք է լինի նաև պետական ծախսերի արդյունավետության ապահովումն ու գնումների համակարգի մրցակցության ապահովումը: Վերջին տարիներին դրական միտումներ նկատելի են՝ ասում  է, սակայն խնդիրներն ավելի շատ են:

ԳՀՄ նախագահը Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն սկսեց  պայքարը ստվերի դեմ: Զրուցակիցս ընդգծում է՝ այս կառավարությունը պետք է առաջ գնա ոչ ավանդական ծրագրով: Պարզաբանում է ՝ գյուղատնտեսություն, վերամշակում, լոգիստիկայի ստեղծում, արտահանում, ներմուծումը տեղականով փոխարինում,  տեքստիլ  արդյունաբերության և ՏՏ զարգացում:

Մակարյանին հիշեցնում եմ՝ իր մատնանշած ուղղություններն այժմ է՞լ են գերակա.

Զրուցակիցս հաշվարկել է՝ կարելի է կարճ  ժամանակում ստեղծել իրական աշխատատեղեր ու մարդկանց չհիասթափեցնել:

Back to top button