Տնտեսական

Ինչ արժեցավ թավշյա հեղափոխությունը


Տնտեսապես ինչ արժեցավ թավշյա հեղափոխությունը. այս պահին մասնագետները պատասխան դեռ  չունեն:

«Ռադիոլուրի» զրուցակից տնտեսագետ Արտակ Մանուկյանը նախնական դիտարկումներ արել է:

Մասնագետի խոսքով,  երկարաժամկետ  ու կարճաժամկետ  հատվածներում  սպասումները  ձևավորված են, իսկ  գնահատական ունենալու համար պետք է սպասել:

Մանրածախ առևտուր և զբոսաշրջություն. այս երկու ոլորտներն են, որոնք առաջինն են իրենց վրա զգում հեղափոխության առաջին արդյունքները: Ամբողջական պատկեր, թե այն ինչ արժեցավ, դեռ վաղ է  ասել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը։

Մանրածախ առևտրի մասով պետք է պաշտոնական վիճակագրությանն ապավինել: Այս պահին դրանք դեռ չկան, սակայն մասնագետն ունի նախնական գնահատական.

«Ոչ ամբողջական գնահատականներով՝ այդ ազդեցությունը մանրածախ առևտրի վրա 2-3 տոկոս անկման մասին կարող ենք խոսել: Անկումն ավելի շատ է այն խանութների կամ սուպերմարկետների մոտ, որոնց բոյկոտում են: Այստեղ կարող ենք վստահաբար խոսել առևտրի երկնիշ թվի անկման մասին»:

ԱՎԾ-ն այսօր հրապարակեց  ապրիլ ամսվա  սպառողական գների ինդեքսը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, պարենային գրեթե բոլոր ապրանքային խմբերում ապրիլին մարտի համեմատ գնանկում է տեղի ունեցել:

Ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են, 2018թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 16.6% և 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 20.4% գնաճ:

Տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը «Ռադիոլուրին» իր դիտարկումներն է  փոխանցում. «Ֆինանսական կայունության և գնաճային ցուցանիշերի հետ կապված փոխարժեքի տատանման հետ կապված խնդիրներն այսօր չեն կարող մտահոգել»:

«Ներքին առևտրին ու զբոսաշրջությանը նաև՝ ֆինանսական շուկայի վրա ունեցած ազդեցությունն  է ավելանում»,-ասում է տնտեսագետ Արտակ Մանուկյան.

«Հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է, բայց այն չնչին է՝  0,5 տոկոսի կարգի է, որը տնտեսվարող սուբյեկտների մոտ, չնայած կամայական փոփոխության, անորոշություն է ծնում, ապագան նրանք ավելի դրական են գնահատում»:

Երկարաժամկետ ու կարճաժամկետ  հատվածներում՝ սփյուռքը  դրական սպասումներ ունի, իսկ դրա ամենավառ արտահայտությունը՝ ներդրումներն ու նոր գրանցվող ձեռնարկությունների թիվն է:

«Եթե մենք այս երկու թվերով տեսնենք, որ էական աճ կա, կարելի է  ասել, որ կարճաժամկետ հատվածում  ակնկալիքները վերածվում են կոնկրետ նյութական արժեքների, ներդրումների ներհոսքի՝ բիզնես սուբյեկտների ավելացման մասով»:

ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը նկատում է՝ ցանկացած հեղափոխության ժամանակ տնտեսությունը հետընթաց է ապրում, դրանից հետո՝ սկսում է զարգանալ: Սա կախված է նրանից, թե  հեղափոխությունն իր մեջ ինչ է  պարունակում՝ սոցիալտնտնտեսական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ պարունակելիս ադապտացիոն շրջանը տնտեսության մեջ արագ  չի  զարգանում:

Զրուցակիցս վստահ է՝ տնտեսական արմատական ու ճիշտ փոփոխություններ կատարելիս մոտ ապագայում արդյունք կլինի, բայց ոչ՝ միանգամից, այլ՝ քայլ առ քայլ:

Back to top button