Քաղաքական

Իշխանափոխության ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա


Վրացի փորձագետները` հետևելով հայաստանյան իրադարձություններին ու Վրաստանի հետ հարաբերությունների հարցով հնչող հայտարարություններին, ասում են, որ Երևանից հայ-վրացական հարաբերությունների նոր փուլի անցնելու մասին արդեն հստակ ազդակներ են գալիս։

Թբիլիսիում նշում են, որ այդ են վկայում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի Վրաստանի մասին արած հայտարարությունները, ինչպես նաև մի խումբ դեսպանների թվում նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ հանդիպումը։

Վրաստանը կարևոր երկիր է մնալու Հայաստանի բոլոր իշխանությունների համար։ Ասում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության փորձագետ Ռամազ Կոյավան՝ փորձելով վերլուծելով, թե Հայաստանում իշխանափոխությունը ինչ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա․

«Վրաստանը կարևոր երկիր է Հայաստանի համար, նախ և առաջ կենսական նշանակության տարանցիկ երկիր, որը նրան կապում է  արտաքին աշխարհի հետ, քանի որ Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը հենց Վրաստանով է անցնում: Սակայն Հայաստանը ևս կարևոր երկիր է Վրաստանի համար»։

Ասում է վերլուծաբանը՝ նշելով, որ Հայաստանը կշարունակի առաջ քաշել կարևորգույն հարցերը, ինչպիսիք են աբխազական երկաթգծի վերաբացումը, բայց «Վրաստանը հավանաբար կշարունակի հաշվի նստել Ադրբեջանի շահերի հետ»։

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Օլեսյա Վարդանյանի կարծիքով հայ-վրացական հարաբերություններում առկա բազմաթիվ հարցերի ու նախանշված ծրագրերի իրականացումը կախված կլինի նրանից, թե վրացական կողմին ինչ կառաջարկի Նիկոլ Փաշինյանը։

«Բայց մյուս կողմից էլ Վրաստանը խորացնում է ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և չի կարող հայտնվել երկու քարի արանքում։ Վրաստանը ստիպված կլինի համոզվել, որ Հայաստանի հետ համագործակցության խորացումը չի վնասելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին։ Եվ այս համատեքստում շատերը ուշադրությունը բևեռելու են, թե ինչպես են իրադարձությունները զարգանում ղարաբաղյան հարցի շուրջ»։

Հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ զբաղվող Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետը կարծում է, որ այսօր շատերն սկսել են հուսալ, որ Հայաստանում նոր ղեկավարը կարող է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստեղծված փակուղուց դուրս գալու ելքեր գտնել։

Վրաստանում հայաստանյան իրադարձությունները փորձում են համեմատել նաև Վարդերի հեղափոխության հետ։ Կարևոր նմանությունն այն է, որ երկու երկրներում էլ քաղաքացիների մեծ մասը, հիմնականում երիտասարդները, փողոց են դուրս գալիս փոփոխությունների ակնկալիքով․

«Վարդերի հեղափոխության ժամանակ խոսվում էր եվրոպական արժեքների, արևմտյան զարգացման ուղղության մասին։ Հայաստանում չեն ասում, որ արտաքին քաղաքական ուղղությունն ամբողջովին փոխվելու է դեպի Արևմուտք»։

Օլեսյա Վարդանյանի գնահատմամբ՝ 2003-ին ԱՄՆ-ն ու արևմտյան երկրներն ակտիվ մասնակցություն ունեին Հարավկովկասյան երկրներում ընթացող իրադարձություններին․  «Հիմա արևմտյան երկրները հեռացել են տարածաշրջանից, ինչն ընդհանուր միտում է»։

Ցուցադրել ավելի
Back to top button