Քաղաքական

Կանխատեսումներ ու արդեն ծրագրված սցենարներ


Ինչպիսի քաղաքական զարգացումներ  էլ տեղի ունենան մայիսի 8 ից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի այդ զարգացման համար համապատասխան սցենարներ: Սակայն Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ավելի քան վստահ է, որ մայիսի 8-ին վարչապետ պետք է  ընտրվի Նիկոլ Փաշինյանը:

Ըստ  Հարությունյանի՝  Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո կձևավորվի  ժամանակավոր կառավարություն, որից հետո առաջնային հարցը լինելու է  ազատ ու արդար խորհրդարանական  ընտրությունների անցկացումը:

Արդյո՞ք Երևանի ավագանուն էլ սպասվում են արտահերթ ընտրություններ։ Նախօրեին «Ելք»  խմբակցությունը պահանջել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Արայիկ Հարությունյանը, որը Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունից այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ հայտարարությունը տարածել էին  «Լուսավոր Հայաստան»  և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները՝ ելնելով  այդ պահին քաղաքական իրողությունից:

Քանի որ այս պահին դեռ  հստակ չէ, թե ինչ է լինելու մայիսի 8- ին եւ հետո, հարցը մնում  է  առկախված:

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունում տեղյակ են այս հայտարարությանը, սակայն չեն շտապում գնահատականներ տալ։ Ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց, որ այժմ քաղաքական գործընթացներն այնպես են զարգանում, որ կանխատեսումներ անելը ճիշտ չէ։ Վերջինս նշեց, որ ամեն ինչի հանգուցալուծումը կլինի մայիս 8-ին:

Իսկ ինչ դիրքորոշում ունեն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պարզել չհաջողվեց։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Ցուցադրել ավելի
Back to top button