Հասարակություն

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում գործածը անպատիժ կմնա՞

Հերթական վանդալիզմի եւ հերթական անպատժելիության դրսեւորումը Թուրքիայում: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած և բերման ենթարկված քաղաքացի Սերդար Ք․-ն պայմանական ազատ է արձակվել։

Սա առաջին դեպք չէ, նախ՝ երբ ոչնչացվում կամ վնասվում են Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները, դա դատապարտվում է թուրք իշխանավորների կողմից, եւ ապա չարագործը ազատ է արձակվում: «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանն «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել է տեղի ունեցածին:

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկու օր առաջ դատապարտել է Ստամբուլի Քադըքյոյ շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա ազգայնականների  հարձակումը եւ խոստացել, որ իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ հանցագործին գտնելու ու պատասխանատվության ենթարկելու համար։

Պատասխանատվության մասին նախարարի լավատեսությանն ի հակառակ՝ Պոլսի «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը մտահոգություն է հայտնել, որ հայկական եկեղեցիների վրա սա առաջին հարձակումը, ինչպես նաեւ չարագործներին բռնելու եւ պատասխանատվության ենթարկելու առաջին խոստումը չէ:

Ըստ պոլսահայ մտավորականի, եկեղեցու ղեկավարությունը վերծանել ու ոստիկանությանն էր փոխանցել տեղում աշխատող անվտանգության տեսախցիկի տեսագրությունը, բայց դա էլ երաշխիք եւ փաստ չէ, որ իրավապահները գործը ավարտին հասցնեն: Միշտ էլ այդպես է. նախ ձերբակալման խոստում են տալիս:

Ըստ Էստուկյանի, հայկական եկեղեցիները պետության կողմից չեն պաշտպանվում, հսկողությունն իրականացվում է միայն եկեղեցական տոների ընթացքում:  Հայտնի է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը դեպքի առնչությամբ զանգահարել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին եւ խոստացել բացահայտել միջադեպի հեղինակին:

Պոլսահայ այլ մտավորականներ կարծում են, որ եկեղեցու վրա հարձակումը ներքաղաքական զարգացումների, առավել եւս հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ կապ չունի:

Back to top button