ԿարևորՏնտեսական

Կայացավ այս կազմով կառավարության վերջին նիստը


Կարեն Կարապետյանի կառավարության վերջին դռնփակ  նիստն ավարտվել է  առանց ճեպազրույցի:

Կառավարության պաշտոնակատար անդամներն այսօր վերջին անգամ վարչապետի պաշտոնակատարից հանձնարարական են ստացել, միայն թե այդ հանձնարականը նրանք մի քանի օր են միայն կատարելու:

 

 

1 տարի 7 ամիս. Կարեն Կարապետյանի թիմն այսքան աշխատեց: Արդեն հստակ  է՝ սա այս կառավարության վերջին նիստն էր՝ դռնփակ նիստը: Այսօր էլ չխախտվեց ավանդույթը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց՝ վերջինը.

«Իմ վերջին հանձնարարականը իմ բոլոր գործընկերներին. բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները՝ մինչև կառավարության նոր կազմը ձևավորելը։ Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար թե անարդար քննադատությունից»։

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դժվարանում է ասել՝ ինչպիսին էր Կարեն Կարապետյանի  տրամադրությունն անցնող օրերին: Չգիտի նաև , թե ինչով է զբաղվելու Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Գիտի միայն՝  ինքը  կաշխատի մինչև վերջ:

Հարցին տեսնո՞ւմ է իրեն Նիկոլ Փաշինյանի  կառավարության կազմում, թե՞ ոչ, Մարտիրոսյանը դիվանագիտորեն է պատասխանում:

«Ժամանակը ցույց կտա»:

Այս կազմով կառավարության  վերջին նիստից իր տպավորությունները փոխանցեց նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:

«Ուրախ էինք, որ կարողացանք իրար հետ աշխատել»:

Ալթունյանը  փոխանցեց նաև  այսօրվա նիստի տխուր տպավորությունները.

«Բաժանվելը միշտ տխուր նոտա է»:

Կաշխատի՞ Փաշինյանի հետ, թե՞ ոչ՝

«Դա արդեն կանխատեսումների ժանրից է, բայց կարծում են Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով»:

Կառավարության նիստի վերջում Կարեն Կարապետյանը չխախտեց ավանդույթը.

«Ձեզ լավ աշխատանք»:

Հաջորդ շաբաթ արդեն կառավարության նիստը կվարի նոր վարչապետը: Կլինի՞ այն դռնփակ թե՞ ոչ՝ պարզ չէ, հստակ է  միայն, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է՝ նիստերը բաց են լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button