Հասարակություն

Ազատ մամուլն ու հայաստանյան իրականությունը


Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն նշվում է արդեն 20-րդ անգամ: Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1993 թվականին:

ՄԱԿ-ի մանդատով օժտված գործակալությունը` ՅՈւՆԵՍԿՕ-ն, դրանից հետո նախաձեռնել է խոսքի եւ մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։

Վերջին շրջանի բոլոր գործընթացներում մեծ դերակատարում է ունեցել մամուլը, մասնավորապես՝ հայաստանյան հասարակական կյանքի վերջին զարգացումներում:

Այս կարծիքին են տպագիր մամուլի խմբագիրները: Այդ առթիվ «Ռադիոլուրը» զրուցել է «Ժողովուրդ» եւ «Հրապարակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Թագուհի Թովմասյանի եւ Արմինե Օհանյանի հետ:

 

 

Մարդն ինքն իր էությամբ պետք է լինի ազատ, որպեսզի կարողանա իրացնել իր բաժին ազատությունը: Այս համոզմունքին է «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր Խմբագիր Թագուհի Թովմասյանը: Ըստ նրա՝ ազատություն տրված է յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մասնագիտության մեջ, այդ թվում եւ՝ մամուլի: Անցած տարիների ընթացքում «Ժողովուրդ»-ը գործել է բացարձակ ազատության դաշտում:

Տարիներ շարունակ լրագրողական հանրությունը գրում եւ խոսում էր այն մասին, ինչի մասին լռում էին այն մարդիկ, ովքեր այսօր, այսպես ասած, շատ բարձր աղաղակում են: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում մամուլի դերին եւ մամուլի ազատության խնդիրներին:

Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ վերջին շրջանում Հայաստանում բարձրացած հեղափոխական ալիքի հաջողությունն ուներ երկու գլխավոր գործոն: Նախ՝ հասարակությունը, նրա խոսքով, հոգնել էր ստից եւ ընդվզեց, իսկ երկրորդը՝ համարձակությունն ու աննահանջ առաջ շարժվելը:

«Ժողովուրդ»-ի խմբագիրի դիտարկմամբ՝ եթե չլինեին բազմաբնույթ ինֆորմացիաների հոսքերը տարբեր խողովակներով, հասարակությունը, թերեւս, կմնար մի քանի հեռուստաընկերությունների հույսին, որոնք որ, Թագուհի Թովմասյանի կարծիքով, մշտապես տվել են բալանսավորված լրատվություն:

Հայաստանում մամուլի ազատության, լրագրողների նկատմամբ բռնություններին, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետ կապված, բավականին ծավալուն հաղորդմամբ եւ տարբեր տեսանկյուններից անդրադարձել է Հանրային ռադիոյի «Հանգուցալուծում» հաղորդաշարը: Հանրային ռադիոյի մեր գործընկերներն այդ հաղորդման ընթացքում դիտարկել են ինչպես լրագրողների նկատմամբ արձանագրված բռնության 27 դեպքերին, այնպես էլ՝ քննարկել են քաղաքացիական հագուստով անձանց կողմից կատարված 16 ֆիզիկական բռնության դեպքերը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ցանկացած խոսք ընկալվել է եւ, այսպես ասած, տեղ հասել: Նրա փոխանցմամբ՝ վերջին զարգացումների ընթացքում ավելացել է տպագիր մամուլի ընթերցողների քանակը. գրեթե՝ տասնապատկվել է:

Իրականում Հայաստանում մամուլը, որպես ինստիտուտ, կայացել է: Եվ այն իր դերակատարումն ունի եւ իր դեմքն ունի եւ, հուսով եմ, որ ցանկացած այսպիսի տարուբերումներից մենք մեր դեմքը չենք կորցնելու. պահպանելու ենք մեր սկզբունքները եւ աշխատելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք մինչեւ այսօր՝ իր խոսքը եզրափակեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Back to top button