ԿարևորՔաղաքական

Վաղը հանրապետությունում քաղաքացիական անհնազանդության գործողություններ չեն լինելու

Վաղը ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում անհնազանդության գործողություններ չեն իրականացվելու: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրության երկրորդ փուլում ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է, բայց սրանք բանավոր հայտարարություններ են: Անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, համապատասխան փաթեթ և ի վերջո Հանրապետական խմբակցության հայտարարությունից հետո ավելի մանրամասն տեղեկանալ «ՀՀԿ» խմբակցության դիրքորոշումների մասին»,- նշեց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ վաղը իրենք Ազգային ժողովում փորձելու են հավաստիանալ, որ ՀՀԿ-ի հայտարարությունները երաշխավորված են:

«Մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք: Տեսականորեն կարող են իրադարձություններն այնպես զարգանալ, որ վաղը օրվա երկրորդ կեսին անհրաժեշտություն լինի հավաքվել: Տեղյակ կպահեմ, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ ընթացավ, մենք պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին: Բոլոր դեպքերում վարչապետի ընտրությունների օրը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button