ԿարևորՔաղաքական

Ազգային Ժողովը վարչապետ է ընտրում (լրացվող)

Վահրամ Բաղդասարյան. «Մենք կողմ չենք քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»:

+++

Վարչապետի ընտրելու հարցը քվեարկության դնելուց առաջ նախ՝ խմբակցությունները արտահայտեցին իրենց դիրքորոշումը: 4 խմբակցությունից 3-ը նախապես հայտարարել էին, որ պաշտպանելու են վարչապետի ժողովրդի թեկնածուին: Սակայն այսօր քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատրաստ է մանդատը վայր դնել, բայց չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Նա որոշել էր չմասնակցել քվեարկությանը: Դաշնակցություն խմբակցուիթյան ընդհանուր դիրքորոշումը փոխանցեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտարարեց, որ գործընկերոջ հայտարարությունը անակնկալ էր անգամ իրենց համար:

Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու դիրքորոշումը վերահաստատեցին նաեւ Ծառուկյան եւ Ելք խմբակցությունները: Խորհրդարանական մեծամասնության՝ 58 պատգամավոր ունեցող հանրապետական խմբակցության դիրքորոշումը փոխանցեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

+++

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը կողմ չի քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթում:

«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելով՝ այլ գործիչներ էլ ենք տեսել, նաև տխուր վերջաբանով: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ», — ասաց Աղվան Վարդանյանը:

Նա նշեց` չի  կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

+++

Արմեն Աշոտյան. «Շնորհավովրում եմ պարոն Փաշինյան, Ձեր մոտ Ստացվեց: Դեռ շարժման սկզբից  ձեր գործընկերներից բացի չէր հավատում, որ ձեր մոտ կստացվի:

Դուք ներշնչեցիք հույս, Դուք ներշնչեցիք էներգիա, ոգևորեցիք մարդկանց։ Այս 3 նախագահական ժամկետներից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական, քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը», — հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Նա խնդրեց այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը։

+++

Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթի սկզբում գենարալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը նշեց. «Կռիվ չկա, պիտի բարիշենք», ապա շարունակեց, որ այս պետությունն այսպես չի սկսկվել, ամեն մի քարի համար արյուն է թափվել: 

«Իսկ հիմա կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Մարդիկ այսօր շատ պրոբլեմներ ունեն, իշխանությունից դժգոհ են, մարդիկ իրենց քայլն արեցին՝ ասելով, որ միթոմ Սերժ Սարգսյանն է խանգարում այս պետությանը՝ մոռանալով նրա արածները: Բայց այդպիսի մարդ չկա, ով աշխատում է ու սխալ չի անում: Այսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալ: Լավ փորձում էիք ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի հետ, ասաց՝ լավ ես գնացի, էս էլ ձեզի, հիմա դուրս է գալիս, որ պաշտոնակռիվ է էթում արդեն, այդպես չի կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, սաղդ էլ գիտեք, բայց Նիկոլի նման ընդդիմություն չկա, Նիկոլը որ գնաց ընդդիմություն ո՞վ կլինի: Այսօր իրոք Նիկոլը ժողովրդին պետք ա, նա մի տղա էր, ով հելնում էր, ժողովրդի տեղից խոսում էր, այ Նիկոլ ջան, բա որ դու գնաս իշխանության յանից, բա էս ո՞ւմ յանից գնամ, մենք իրար հետ յոլա էինք տանում»:

Սեյրան Սարոյանը հորդորեց ՝ հիմա պետք է մտածել ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Էս ինչի՞ համար ենք ուլտիմատումներով իրար հետ խոսում, արեցիք քո գործը, լավ էլ արեցիր, մարդն էլ ասաց՝ առեք, չեք ուզում ինչի, առեք ձեր աթոռը, դուք արեք, բայց ինչի իմիննոյ դո՞ւ: Ես Նիկոլի տեղը լինեի՝ կասեմ Սասուն ջան, դու, Արամ ջան, դու: Մեկա ես գիտեմ՝ Նիկոլին վարչապետ դնենք, էլի ընդդիմություն է լինելու, հելնելու է, կռիվ անի»:

+++

Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմեց որպես ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի պահեստազորի սպա, նշեց՝ ինքը և իր զինակից ընկերները կարծում են, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնին հավակնելը ենթադրում է ավելին, քան «4 եվրո 99 ցենտ արժողությամբ զինվորական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ որսորդական շապիկը և «ռազմագիտություն» առարկայի շրջանակներում ստացած զինվորական գիտելիքները»։

«Դուք Ձեզ պատկերացնու՞մ եք պատերազմական դրության ժամանակ՝ շրջապատված մի քանի տասնյակ գեներալներով ու ձեր՝ դպրոցական ռազմագիտության գիտելիքներով։ Ես՝ ոչ։ Դուք շատ լավ պառլամենտական եք, դասական պառլամենտական եք, և ես կարծում եմ՝ մենք շատ արագ կարող ենք կորցնել լավ պատգամավորի ու ստանալ ոչինչ կամ վատ վարչապետ, մեր երկրին իրենից անկախ վտանգներ բերող վարչապետ։ Գիտակցու՞մ եք Դուք դա այսօր. ինձ թվում է՝ ոչ»,- ասաց նա։


ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ չի ցանկանում հավատալ շրջանառվող այն կարծիքներին, որ անգամ Նիկոլն ու ընկերները չեն գիտակցում՝ այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբ է միայն, սցենարի, որի ավարտը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումն է։ Սաղաթելյանը նաև ներկայացրեց տարիներ առաջ «Հայկական ժամանակ» թերթի այն համարը, որտեղ Նիկոլ Փաշինյանի խոսքերն էին մեջբերված՝ Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ։ Փաշինյանը նշել էր, որ այդ խոսքերն իրեն են վերագրում, սակայն դա ապատեղեկատվություն է։

«Պարոն Փաշինյան, «Հայկական ժամանակ»-ի 2001 թ. լույս տեսած ահա այս համարը երեկվանից դրված է իմ աշխատանքային սեղանին, ուղղակի ես չուզեցի ձեզ ընդհատել, որովհետև ես ունեի խոսք ու կարող էի բերել նաև իրեղեն ապացույցը ու նաև նայել ձեր աչքերին»,- ասաց նա։

++++

ԱԺ հատուկ նիստի երկրորդ ընդմիջման ժամանակ հիմնական ինտրիգը չհանգուցալուծվեց: Այդպես էլ օդում կախված մնաց հարցի պատասխանը, թե ինչպես է քվեարկելու ՀՀԿ-ն:

Հանրապետական կուսակցությունը քվեարկության միասնական որոշում ունի, սակայն այն մասին կհայտնի ֆրակցիայի անունից ելույթի ընթացքում, հայտնել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության խորհրդակցությունից հետո։

«Ռադիոլուրի» թղթակից Լուսինե Վասիլյանը ԱԺ-ից մանրամասներ է փոխանցում:

Հատված «Ռադիոլուր»-ի եթերից

+++

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը զարմացած է քննարկման ժամանակ հարցերին տված Նիկոլ Փաշինյանի պատասխաններից։

«Լրիվ անկեղծ եմ ասում՝ բոլորիդ աչքերին նայելով։ Նաև ձեր աչքերին նայելով՝ պարոն Փաշինյան. ես եղբորիցս հետո որևէ վարչապետի ծրագիր ներկայացնելուց, ներառյալ իմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ, որևէ մեկի պատասխաններն այդքան հստակ, այդքան չափված-ձևած չի եղել, որքան ձերը։ Շատ ապրեք», — նայելով Փաշինյանի կողմը հայտարարեց Արամ Սարգսյանը։

Այնուհետև դիմելով Հանրապետական խմբակցության իր գործընկերներին խնդրեց քվեարկել Նիկոլ փաշինյանի օգտին։

«Ես խնդրում եմ ձեզ, խնդրում եմ որպես ձեր նախկին վարչապետ, որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածեք էս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելուց»,-հայտարարեց Սարգսյանը։

+++

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, արդյո՞ք կոշտ պայքար է լինելու, որը չի բխում ժողովրդի շահերից:

«Ձեզ տրված ժամանակահատվածում այդ վերահսկողությունը կիրականացնի ձեր խմբակցությունը: Երբ ասում եք, որ ցանկացած իշխանության համար հետևությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը, եթե նկատի ունեք ՀՀԿ-ին, սխալ նկատի ունեք, որովհետև ՀՀԿ-ն այլևս ՀՀ-ում չունի իշխանություն, և որքան շուտ արձանագրեք այդ իրողությունն այնքան լավ: Խնդիրն այն չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ այն, թե դուք նպաստում եք այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե այն պիտի լուծվի առանց ձեզ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ պայքարի առաջին իսկ օրվանից իրենք մերժել են բռնությունը, և չի պատկերացնում իրադարձությունների այնպիսի ընթացք, որ հակառակ սցենարներ լինեն: Փաշինյանը կոչ արեց ուշադիր ընթերցել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը: «Սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ»,-հավելեց Փաշինյանը:

++++

Պատգամավորներն այսօր խորհրդարանում զուգահեռ փորձել են նաեւ հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախում՝ առաջնագծում: Հանրապետականից պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այս առումով ակնկալիքներ ունի վարչապետի թեկնածուից:

++++

Սոցիալական ոլորտը պետք է լիներ առանցքային Ձեր ծրագրում: Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Նայել եմ Ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ներգրավված չեն: Տրամաբանական կլիներ, որ որպես վաղվա վարչապետ՝ Դուք առանցքային դարձնեիք սոցիալական ոլորտը: Սոցիալական ոլորտի հետ կապված Ձեր ծրագրում սկզբունքներ չկան»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Վարչապետի թեկնածուն նշեց, որ իրենք կապահովեն այնպիսի տնտեսություն, որոնք կապահովեն մարդկանց կարիքները և կախարդական փայտիկի միջոցով չէ, որ անելու են դրական տեղաշարժ, հայկական սփյուռքի ներդրումների հոսքի հաշվին են զարգացնելու տնտեսությունը:

Աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության զարգացումը կհանգեցնեն նրան, որ բարձրանա աշխատավարձը, ասաց վարչապետի թեկնածուն:

+++

ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցը՝ ուղղված ԱԺ փոքրամասնության ներկայացրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր դատական համակարգին: Մյուս հարցը վերաբերում էր ազգային փոքրամասնություններին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են ՀՀ-ում:  Դատական համակարգի խնդիրն ըստ նրա, օրենսդրական չէ:

+++

ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները մեկ մարդու նման առանձնացել են եւ չեն արտահայտում իրենց կարծիքը: Շատ են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները: ԱԺ -ից «Ռադիոլուրի» թղթակից Լուսինե Վասիլյանը հայտնում է, որ գրեթե բոլորը՝ բացի Արտաշես Գեղամյանից, ուզում են ելույթ ունենալ: Պատգամավորներից ոմանք բացառել են, որ կոմղ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

++++

Երբեք ազգային ժողովի նիստը այսքան պահանջված ու դիտված չի եղել, քան այսօր: Հանրապետության հրապարակին մարդկանց հոծ բազմության արձագանքին հետեւող «Ռադիոլուրի» թղթակից Արմինե Գեւորգյանը մեզ փոխանցում է, որ մարդիկ գետնին նստած, կանգնած համակ ուշադրությամբ հետեւում են ԱԺ հատուկ նիստին:
++++

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրան վերագրվող մի հայտարարություն. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»։Պատգամավորը փորձեց հասկանալ՝ արդյոք այսօր ևս վարչապետի թեկնածուն նույն կարծիքի է։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը իր լուսանկարով սոցիալական ցանցերում տարածվում է արդեն հինգ տարի ու ավելին՝ նշվում է, որ այդ միտքը գրել է «Հայկական ժամանակի» կոնկրետ օրվա, կոնկրետ հոդվածում։

«Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրվա համարի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Ցավում եմ, որ սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, մի՞թե չեք նկատել այդ հոդվածի լուսապատճենը։ Եվ հիմա եկել եք, Ազգային ժողովի նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով։ Եթե դուք կամ որևէ մեկը մեր գործունեությունը ներկայացնի ազգային, պետական շահերին հակասող, ես ասում եմ, որ շատ լուրջ հիասթափություն է սպասվում», — արձագանքեց վարչապետի թեկնածուն։

++++

Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով ու հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները վերացնելով, ինչպես նաև տնտեսական մրցակցություն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահումները բացառելով», — նշեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ, որն առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքին ու հարազատներին:
Փաշինյանի խոսքով` փոխվելու է նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը, որպեսզի ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է այդ ունեցվածքի կառուցվածքը փոխվում պաշտոնավարման ժամանակ.
«Ապօրինի հարստացումը պետք է բերի կոնկրետ հետևանքների», — հավելեց նա:

+++

Վտանգավոր ու անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության ոլորտում, այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ելք» խմբակցությունից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում բազմիցս ասել եմ` այդ թվում խորհրդարանական քննարկումների ընթացքում, և անհրաժեշտության դեպքում կարող եմ ցույց տալ տեսագրություններ, որ ընդհանրապես վտանգավոր և անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականության ոլորտում, որովհետև մենք տեսել ենք, որ բազմաթիվ երկրներ կամ եթե ոչ բազմաթիվ, ապա որոշ երկրներ և քաղաքական գործիչներ` փորձելով իրենց սուբյեկտիվ ընկալումներին համապատասխանեցնել երկրի արդեն իսկ գոյություն ունեցող, ընթացող իրողությունները, երկիրը կանգնեցրել են աղետների առաջ», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

++++

Խորհրդարանում ամենաշատ բացակայություն ունեցող պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր եկել է խորհրդարան վարչապետի ընտրություններին մասնակցելու համար:

Ապրիլի 17-ին, ի դեպ՝ վարչապետի առաջին ընտրությունների գործընթացը խորհրդարանում նա պարզապես բաց թողեց եւի չներկայացավ՝ իր գլխավորած խմբակցության պատգամավորներին ազատ քվեարկության հնարավորություն տալով: Այսօր արդեն «Ծառուկյան»  խմբակցությունը պատրաստվում է միասնական դիրքորոշում արտահայտել:

++++

Աժ-ի 105 պատգամավորից 102-ն են այսօր մասնակցում Աժ-ի հատուկ նիստին, որի օրակարգում է Հանրապետության վարչապետ ընտրելու հարցը: Բացակայող պատգամավորներից երկուսը «Ծառուկյան» խմբակցությունից են:

«Ելք» խմբակցությունից իբրեւ վարչապետի ժողովրդական թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն ավարտել է իր նախընտրական ելույթը եւ այժմ պատասխանում է պատգամավորների հարցերին: 26 պատգամավոր է գրանցվել նրանից պարզաբանումներ ստանալու համար:

Վարչապետի թեկնածուն իր խոսքում անդրադարձել է արտաքին եւ ներքին մի հարցերին՝ հիմնականը, սակայն, թողնելով կառավարության ծրագրային ելույթի համար: Ամեն դեպքում արտաքին քաղաքականության համար վարչապետի թեկնածուն հատուկ ընդգծեց, որ շրջադարձեր արտաքին քաղաքականության մեջ կառավարությունը չի անելու: Բացի Ռուսաստանից հատուկ շեշտադրվեց նաեւ Իրանի, Վրաստանի, ԵՄ, ԱՄՆ, Չինաստանի եւ ֆրանկոֆոն երկրների հետ հարաբերությունների խորացումը:

Ներքին զարգացումների առումով թերեւս կարեւոր շեշտադրումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում լինել սուպերվարչապետ: Նրա առաջին քայլերից մեկը լինելու է այդ լիազորություններից ձերբհազատվելը:

++++

Առաջին հարցը հնչեցրեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը։ Նրա հարցը վերաբերում է առողջապահական համակարգին

++++

Մի քանի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

+++

Նիկոլ Փաշինյանն ավարտեց ելույթը․ այժմ հարցերի փուլն է։ Հարցերի համար հերթագրվեց 26 պատգամավոր

+++

Հանրապետության հրապարակում բոլորը լուռ հետևում են ԱԺ նիստին՝ Նիկոլ Փաշինյանի ելույթին

+++

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ճնշումներ են գործադրում պատգամավորների վրա, որպեսզի վերջիններս չքվեարկեն իր օգտին: Նա պատգամավորներին կոչ է արեց չտրվել պաշտոնաթող անձանց սպառնալիքներին: Նա ասաց, որ հակառակ դեպքում կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ:

++++

ԱԺ ամբիոնին մոտացավ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաինյանը։

+++

Վարչապետի թեկնածուին ներկայացնում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Մենք ապրում ենք հայ ժողովրդի, հայոց պետականության պատմության կարևորագույն կետերից մեկում, երբ ողջ հայ ժողովուրդը միաբանված ոտքի է ելել՝ նոր ու փառապանծ էջ բացելու մեր պատմության մեջ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Պատգամավորի խոսքով՝ համաժողովրդական շարժման վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, աջակցություն ունի ոչ միայն ժողովրդի, այլև խորհրդարանական 3 խմբակցությունների կողմից:

Նա կոչ արեց կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին՝ օգնելով ստեղծված այս պատմական հնարավորությունից քաղել միայն լավը:

+++

Վարչապետի ընտրությունը Հայաստանի Ազգային ժողովում յուրահատուկ պայմաններում է ընթանում. խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել և խորհրդարանում քննարկվում է փոքրամասնության կողմից առաջադրված թեկնածուի հարցը, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Սա աննախադեպ երևույթ է մեր երկրի պատմության մեջ։ Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կունենա մեզնից յուրաքանչյուրը, բոլորիս հիմնական նպատակը երկրի կայունությունը, անվտանգությունն ու ժողովրդի բարօրությունն են», — հայտարարեց Արա Բաբլոյանը։
Նա ասաց նաև, որ վերջին օրերին երկրում ստեղծված ծանր պահերին իրենք ցուցաբերել են զսպվածություն, հանդուրժողականություն, ինչը «Զարմացնում է ողջ աշխարհին»։ ԱԺ նախագահը հորդորեց այսօրվա քննարկումներում ևս լինել զուսպ ու հարգել դիմացինի արտահայտած կարծիքը։

+++

Գրանցվեց 102 պատգամավոր, քվորումն ապահովվեց
++++

ՀՀ Ազգային Ժողովում այսօր մեկնարկում է վարչապետի ընտրության գործընթացը։ ԵԼՔ խմբակցության կողմից առաջադրվել է Նիկոլ Փաշինյանը, որի թեկնածությունը կպաշտպանեն նաև ՀՅԴ և Ծառուկյան Դաշինք խմբակցությունները։ ՀՀԿ-ն կկողմնորոշվի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:

Ի դեպ, ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ պետք է տեղի ունենան Հայաստանի վարչապետի ընտրությունները Հանրային ռադիոն կներկայկացնի ուղիղ հեռարձակմամբ:

Back to top button