ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում

«Ես հիմա՝ այս երեկոյան, հասկացա, որ բացարձակապես էական չէ, որևէ նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա վաղը՝ ԱԺ-ում, էականն այն է, որ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը՝ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը անշրջելի է և չի կարող կասկածի տակ դնել այլևս ոչ ոք»,-ասաց «Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է, այլ կոնկրետ քաղաքական իրողություն:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղը Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական անշրջելի հաղթանակը։ Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին վաղը՝ առավոտյան ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ չանել որեւէ անհնազանդության գործողություն:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Հրապարակում տեղադրված կլինեն էկրաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի հետեւել ԱԺ հատուկ նիստը, որից հետո նա կմիանա ժողովրդին։

Back to top button