ԿարևորՔաղաքական

Կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում վարչապետ ընտրվելու դեպքում ամբողջական օրինականություն կհաստատվի․ Նիկոլ Փաշինյան


ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպելու է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ։

«Ժամանակացույցը կճշտվի, և խմբակցությունների հետ հանդիպումը տեղի կունենա»,-ասաց Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից առաջադրվել է վարչապետի թեկնածու:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու իր թեկնածությանը՝ նա ասաց. «Բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն, և կկայացվի որոշում: Հիմա մեր խնդիրը համերաշխային, աշխատանքային նորմալ մթնոլորտի ձևավորումն է»,-ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, ապա նա նշեց, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրվելու, բայց դա չի նշանակում, թե իրենք ասում են, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան:

«Ելք» խմբակցության դիրքորոշման մասին չէ խոսքը, այլ հնարավոր կառավարության»:

Հարցին, թե իր իշխանության գալու դեպքում կարող է երաշխավորել, որ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանն արձագանքեց. «Ես չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում վարչապետ ընտրվելու դեպքում ամբողջական օրինականություն կհաստատվի»:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին՝ վարչապետի թեկնածուն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշումն ագրեսիվ է ու ոչ կառուցողական, ու եթե հնչում է Երևանը գրավելու մասին հայտարարություններ, մեր խնդիրն է ուժեղացնել բանակն ու մարտունակությունը, բարձրացնել հանրության տրամադրությունն ու այդպիսով երկրի պաշտպանունակությունը և այդպես Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերադառնա կառուցողական երկխոսության դաշտ»:

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:

Այս պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը ներկա չէ բանակցություններին։

Back to top button