Քաղաքական

1991թ. այս օրը սկսվեց «Օղակ» գործողությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Ապրիլի 30-ը արցախյան գոյապայքարի ամենադաժան տարեթվերից մեկն է. այդ օրը Գետաշենից հնչեց Թաթուլ Կրպեյանի հանրահայտ ՍՕՍ-ը, որը գուժեց հայկական գյուղերի բռնատեղահանման լուրը:  Խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ- հանցավոր համագործակցությամբ դեռեւս  շաբաթներ առաջ սկսված «ՕՂԱԿ» ռազմագործողության առաջին տարածքային նվաճումը իրականացավ:

Խորհրդային ողջ ժամանակաընթացքում ադրբեջանական իշխանության տակ անցած հայկական տարածքների  հայաթափման գործը  չի դադարել: Բացահայտը Նախիջեւանում էր, մեկիկ-մեկիկ հարենական օջախները լքեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող գյուղերի բնակիչները:

 Խանլարի վաչական շրջանի տարածքում արցախյան շարժման սկզբին հայերը ապրում էին ոչ թե իրարից զատված բնակավայրերում այլ հայաբնակ էր մի ամբողջ ենթաշրջան՝ 5000 բնակիչ ուեցող Գետաշենը շրջակա գյուղերով, հայաբնակ էր նաեւ Շահումյանի շրջանը:

Շարժման առաջին իսկ օրերից  սաստկացած արդեն բացահայտ հայաթափման գործընթացը պատահական չէ, որ սկսվեց հենց այդ բնակավայրերից:

Ադրբեջանական զինված խմբավորումների, իսկ ավելի ուշ նրանց միացած խորհրդային բանակի զորամիավորումների առաջին բռնությունները 1991 թվականի մարտին էին.առիթն այսպես ասած անձնագրային ռեժիմի ստուգումն էր:

Ապրիլին դրանք վերածվեցին բացահայտ հարձակումների. չնայած հայ բնակչության խնդրանքին՝ ապրիլի 20-ին խոհրդային զորքը  պաշտոնապես լքեց Գետաշենի տարածքը հայերին թողնելով  մեն մենակ զորքի թողած տեխնիկայով զինված ու վարձկաններով  ուժեղացած ադրբեջանական զինված խմբավորումների դեմ: Ապրիլի 30-ին պաշտոնական տվյալներով 10 զոհ եւ 50 ից ավելի պատանդ  թողնելով` հայ բնակչությունը բռնեց տեղահանության  ճամփան:

Խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ իր սեւ գործը ծավալեց ողջ Արցախի տարածքում: Մի քանի շաբթվա ընթացքում բռնատեղահանվեց երկու տասնյակ բնակավայր, մոտ 10 հազար բնակչությամբ:

Սարգսյանների ընտանքին այսօր էլ ապրում է Շուշիի շրջանի Եղծահող գյուղում: Բերդաձորի  ենթաշրջանի գյուղերի բռնտեղահանումը հաջորդեց Գետաշենի ենթաշրջանի հայաթափմանը: Կյանքի 9-րդ տասնամյակի դռները բախող Արշավիր Սարգսյանը 91 թվականի մայսյան եռօրյա արհավիրքը  եւ դրան հաջորդած մեկ տարվա ոդիսականը չի ուզում հիշել: Փառք է տալիս աստծուն, որ ի տարբերությւոն գետաշենցիների հարազատ օջախ վերադառնալու հնարավորություն ունեցան:

Այսօր կնոջ հետ գյուղում մենակ են ապրում. աշխատանքի փնտրտուքը զավակներին տարել է քաղաք, բայց իրենց մենակ չեն զգում: Ասածի մասին դարակներում շարված տասնյակ թոռների տարբեր չափի կոշիկներն են վկայում: Ապագան խաղաղ լինի, մարդկայնությամբ թաթախված,-հրաժետին մաղթում է անհայտ կորած որդուն սպասող պապիկը:

Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի բնակիչ Շահմուրադ Գրիգորյանի կյանքում եղել են օրեր եւ ամիսներ, երբ ոչ ինքը ոչ հարազատները  վերադարձի ու հանդիպման հույս չունեին: Նախկին կոլվարչության նախագահը անձնագրային ռեժիմի ստուգման զոհերից է: 91 թվականի հունիսին  նրան եւ համագյուղացներին խորհրդային բանակի զինվորները տարան գյուղի տարածքից՝ առանց որեւէ  բացատրության:

Հիմա` տարիներ անց, այդ կտտանքների իմաստը ավելի հասկանալի է՝ ահից ու սարսափից հայերը ինքնակամ պետք է լքեին սեփական օջախները:

Վերադարձը ամիսներ անց էր: Վերադարձավ հիասթափված, իր կոմունիստական կուսակցությունն ու խորհդային պետությունը անզոր էին պաշտպանել իրենց բնակիչներին, բայց ոչ դառնացած:

Երկու զավակները մասնակցեցին պատերազմին: Կրտսերն Արցախի բարձրաստիճան զինվորականներից մեկն է: Հայրը հպարտ է եւ  կյանքի կենսափորձը եւ հարեւանների հետ ունեցած փոխհարաբերությւոնների վերլուծություններով փորձում է օգտակար լինել:

Սեփական ուժերին պետք հավատալ եւ օտարի, նույնիսկ բարեկամի վրա հույս չպետք է դնել: Քաղաքականության մեջ եւ պատերազմում բարեկամներ ու դաշնակիցներ չեն լինում, Սեփական կաշվի վրա են զգացել այս դառն ճշմարտությունը Թարթառի հովտի գյուղերում բնակվող հին գետաշենցիներն ու Շահումանի շրջանի բնակիչները:

Էրքեջ, Գետաշեն, Վերինշեն, Բուզլուխ…. Իրենց հետ հայրենի օջախի անունը, կարոտն ու պատկերն են բերել ու աշխատելու, նորը ստեղծելու բուռն ցանկությունը: Նոր Գետաշենում է հաստատվել  Մանաշիդցի Ասլան Գրիգորյանի ընտանիքը. սա էլ հայրնիք է ասում է՝ազատագված հայրենիք, որ շենացնել է պետք:

Խաչքարի մոտ վառված յուրաքանչյուր մոմ մի աղոթք ու մի երազանք է, զավակների, նոր օջախի, վաղվա օրվա համար, բայց մեկը միշտ վառ է վերադարձի համար:

Back to top button